Թեոդոսիայում բացվել է Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը (վիդեո)

Թեոդոսիայում բացվել է Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Թեոդոսիայի Ն. Ստեփանյանի անվան փողոցում հանդիսավոր կերպով բացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը: Արարողությունը նվիրված էր Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին:

Բացման արարողությանը մասնակցեցին քաղխորհրդի ադամ Սվետլանա Գեվչուկը, պետական խորհրդի պատգամավորներ Եվգենի Գորոդենկոն և Յուրի Կոկինը, քաղաքի հայկական և հունական համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ, հայտնում է Թեոդոսիայի քաղխորհրդի մամուլի ծառայությունը:

XX դարի 40-ականներին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2,2 մլն մարդ: Երբ սկսվեց պատերազմը, հայերը, ի թիվս խորհրդային այլ ժողովրդների, ելան հայրենիքի պաշտպանության: Մոտ 84 հազար հայ չվերադարձավ մարտի դաշտից:

«Սա հայ ժողովրդի ավանդ է Մեծ Հաղթանակի և ֆաշիզմից ազատագրման գործում: Հայ ժողովրդի փառապանծ որդիներից մեկը` Նելսոն Ստեփանյանը քաջարի օդաչու էր, նա մասնակցել է Թեոդոսիայի և Ղրիմի ազատագրմանը»,-ասել է Թեոդոսիայի հայերի հոգևոր առաջնորդ հայր Եփրեմը:

Նելսոն Ստեփանյանի ղեկավարած 47-րդ ավիագունդը մասնակցել է Ղրիմի ազատագրմանը: Նա մարտիկներին մարտի էր հանում անձնական օրինակով` գունդը անձամբ առաջնորդելով: Ավիագունդը քաջության և արիության, ինչպես նաև քաղաքի ազատագրման հաջող գործողության համար արժանացել է «Թեոդոսիական» պատվավոր կոչմանը: Նելսոն Ստեփանյանը կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ

Արարողության մասնակիցները նշում էին, որ հենց Նելսոնի նմաններն են իրական հերոսներն ու իրենք են արժանի «Փառք հերոսներին» արտահայտությանը:

«Նելսոն Ստեփանյանն այն մարդն էր, որը խաղաղ դարձրեց Թեոդոսիայի երկինքը, որպեսզի մենք կարողանանք ապրել, ուրախանալ, սովորել ու աշխատել: Այն ժամանակ բոլորը մեկ մարդու պես` մեծից փոքր, ստանձնեցին Հայրենիքի պաշտպանության գործը: Այն ժամանակ մենք մեկ միասնական ժողովուրդ էինք, դրա համար էլ կարողացանք հաղթել այդ ահեղ պատերազմում»,-ասել է Գեվչուկը:

Յուրի Կոկինը շնորհակալություն հայտնեց Թեոդոսիայի և Ղրիմի հայ համայնքին իր ժողովրդի լավագույն զավակների հիշատակը վառ պահելու համար: «Թեոդոսիայի երկինքը միավորեց այն բոլոր ճանապարհները, որոնցով անցել էր Նելսոն Ստեփանյանը: Նրան հիշում է նաև Օդեսայի, Նիկոլաևի, Սևաստոպոլի, շրջափակված Լենինգրադի երկինքը»,-հավելել է նա:

Նելսոն Ստեփանյանի ինքնաթիռը խոցվեց Լիեպայի երկնքում: Նա ուղղեց կործանվող ինքնաթիռը թշնամու ռազմանավի վրա: Խորհրդային Միության հերոսի երկրորդ կոչումը նա ստացավ արդեն հետմահու: Լիեպայում կանգնած է հերոս օդաչուի հուշարձանը, սակայն 1991 թ. հետո Լատվիայի իշխանությունների առաջարկով հուշարձանը տեղափոխվեց ՌԴ` Կալինինգրադ:

Թեոդոսիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գաբոյանն ասաց, որ մեր սերնդի պարտքն է վառ պահել Մեծ Հայրենական պատերազմի հերոսների հիշատակը, որոնք իրենց սխրանքով և սեփական կյանքի գնով մոտեցին այնքան բաղձալի Հաղթանակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---