«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներն ազատ են արձակվել

«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ են արձակվել ձերբակալվածների պահման վայրից

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի խոսքով խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել է գործով հսկողություն իրականացնող դատախազը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ապրիլի 30-ին Քննչական կոմիտեից պահանջել էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում այսօր տեղադրված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Պողոսյանը նախաքննական մարմնից, ստուգման նպատակով պահանջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին կազմակերպվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու դեպքի առթիվ 2015 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ»:

«Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության): Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ապրիլի 10-ին ընտրվել էր կալանաքը՝ երկու ամիս ժամկետով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---