Թուրքիայի 3 քաղաքապետ հրաժարվել է դիմավորել Էրդողանին Դիարբեքիր այցի ժամանակ

Թուրքիայի 3 քաղաքապետ հրաժարվել է դիմավորել Էրդողանին Դիարբեքիր այցի ժամանակ

PanARMENIAN.Net - Ծագումով քուրդ 3 քաղաքապետ հրաժարվել է դիմավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ այցելել է Դիարբեքիր:

Ինչպես հայտնում է թուրքական Star պարբերականի կայքը, Բատմանի, Սիրթի և Դիարբեքիրի քաղաքապետները «նվաստացրել են Էրդողանին»` հայտարարելով, թե չեն ցանկանում մասնակցել նախագահ Էրդողանի դիմավորման արարողությանը:

Որպես պատճառ նրանք նշել են Էրդողանի կոշտ հայտարարությունները քրդական հարցի վերաբերյալ: «Այդ քաղաքներում մեր կուսակցության անդամ քաղաքապետները չեն մասնակցի արարողությանը և չեն դիմավորի Էրդողանին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որ տարածել է «Ժողովրդավարական ռեգիոններ» կուսակցությունը, հայտնում է Armenia Today-ը:

Օրերս Էրդողանը հերթական անգամ հրաժարվեց խոստովանել, որ Թուրքիայում սրացած է քրդական հարցը` հակառակ իր նախորդ ելույթներին, որտեղ բազմիցս հայտարարել է առկա խնդիրների մասին: Էրդողանի այս քայլը վերլուծաբաններից շատերը համարում են իշխող Արդարության և զարգացման կուսակցության ազգայնական ձայները հավաքելու փորձ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Էրդողանը հայտարարել է, որ «քրդական հարց» եզրույթի կիրառումը խտրականության մի ձև է: «Ով նախկինի պես պնդում է, թե երկրում քրդական հարց կա, անում է միայն օրակարգում հայտնվելու և ընտրություններում ավելի շատ քվե հավաքելու համար: Ով իրավիճակը «քրդական խնդիր է» համարում, քայլ է անում դեպի երկրի մասնատում և խտրականություն»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև մեղադրել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցությանը «ապօրինի մեթոդներ կիրառելու» մեջ: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հրաժարվել է ճանաչել կուսակցությունը որպես զրուցակից քրդական հարցի շուրջ բանակցություններում:

«Այս երկրում պետություն կա: Այստեղ սեղան չկա, որի շուրջ պետք է նստել ու հարցեր քննարկել: Եթե լիներ, դա կնշանակեր պետության տապալում: Պետությունը զենքը վայր չի դնի, և եթե ահաբեկիչները զենք վերցնեն, կանի այն ամենն, ինչ կպահանջեն հանգամանքները»,-ասել է Էրդողանը, հայտնում է Mk-turkey.ru-ն:

Ընթացող բանակցությունները Ժողովրդների դեմոկրատական կուսակցության և ցմահ ազատազրկման դատապարտված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև, որոնք կոչված են լուծելու քրդական հարցը, որն արդեն տասնամյակների պատմություն ունի, հավանաբար, փակուղի են մտել: Ավելի վաղ Էրդողնը հրաժարվեց խոստովանել քրդերի տառապանքներն ու այն փաստը, որ նրանք զրկված են իրավունքներից: ԺԴԿ առաջնորդը դրան պատասխանեց, որ կառավարությունն անկեղծ չէ իր մտադրություններում:

Այսպիսով Էրդողանի դիտողությունները վատթարացրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակը, որը բարդանում է քրդական հարցի լուծման հույսերի նվազմանը զուգահեռ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---