Սիրիահայ համայնքի առաջնորդները դեմ են Հալեպից հայերի զանգվածային տարհանմանը

Սիրիահայ համայնքի առաջնորդները դեմ են Հալեպից հայերի զանգվածային տարհանմանը

PanARMENIAN.Net - Սիրիայի Առաքելական, Կաթողիկե և Ավետարական՝ 3 հայկական եկեղեցու համայնքապետերի ու երեք կուսակցության ղեկավարների որոշումն է՝ Հալեպից հայերի միասնական ու զանգվածային տարհանում չկազմակերպել, ասել է Հայ ավետարանական համայնքի ղեկավար, վերապատվելի Հարություն Սելիմյանը, ով կարճատև այցով Հայաստանում է։

Նա հավելում է, որ պատրաստ են օգնել առանձին ընտանիքների, որոնք պատերազմի պատճառով հեռանալու ցանկություն ունեն. «Բայց եթե զանգվածային գաղթ կամ տեղահանություն կազմակերպենք, կարող ենք պատմության առջև պատասխանատու լինել»:

Սելիմյանի խոսքով, նման բարդ որոշում կայացնելիս 3 հիմնական գործոն են հաշվի առել․ նախ այն, որ Հալեպը ողջ աշխարհում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման կենտրոններից մեկն է եղել ու այն վերացնել չեն ցանկանում։ Բացի այդ, հայկական համայնքի ղեկավարները կարծում են, որ ազնիվ չէ դժվար պահին լքել Սիրիան, որը ժամանակին ապաստան է տվել Եղեռնից փրկված հազարավոր հայերի, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հալեպի բնակիչների խոսքով, թեև այսօր վերջին օրերի համեմատ ավելի խաղաղ է, միևնույն է՝ պայթյունների ձայներ են լսվում, փողոցներն էլ դատարկ են։ Արդեն չորս տարի շարունակվող պատերազմի արդյունքում երբեմնի բարեկեցիկ համայնքի 60-70 տոկոսն արդեն հեռացել է, պատմում է Սելիմյանը. «Մնացողները մեզ համար մեր ճիտին պարտքն է, ինչպես ասում են: Չենք կարող հոխորտալ, որ ամեն ինչին լավը, բավարար ունենք․ որքան հնարավոր է՝ այդքան բոլորին հավասարապես բաժանում ենք»:

Սփյուռքի նախարարության պաշտոնական դիրքորոշումն է. քանի դեռ չկա Հալեպի ազգային կառույցները համատեղ չեն որոշել տարհանել հայերին, իրենք այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկի: Նախարարությունը որոշ աջակցություն ցուցաբերում է, բայց Սիրիայում մնացած հայերին օգնում են տեղի հայկական կազմակերպությունները, նկատում է անցյալ տարի Հայաստան տեղափոխված սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը, որը ստիպված է եղել Հայաստան տեղափոխվել, քանի որ երկու դստրերն էլ ընտանիքների հետ Սիրիայից ավելի վաղ հեռացել էին։ Նաև պատմում է, որ Հալեպում ոչ մի պահի չես կարող վստահ լինել, որ պայթյուն չի լինի, բայց միևնույն է, հայկական դպրոցները գործում են:

2013-ին Սիրայի ապստամբները առևանգել էին Հակոբ Միքայելյանին: Հարազատները մեծ փրկագին են վճարել նրա կյանքը փրկելու համար։ Գրողի դասընկերը պատերազմի հետևանքով զոհված մի քանի տասնյակ հայերից մեկն է։ Ասում է՝ տեղում իրավիճակը տարեցտարի սրվում է, մարդիկ ավելի հոռետես են դառնում, ուսումնական տարվա ավարտից հետո հեռացողների թիվը կավելանա:

Վերապատվելի Հարություն Սելիմյանը մինչդեռ լավատես է. «Բոլոր այն տեղերում, որտեղ պատերազմը սկիզբ է ունեցել, ունեցել է նաև վերջ: Կարող է երկար տևել, սակայն մենք պիտի հավատանք և հույս ունենանք, որ պիտի ավարտ ունենա»:

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները մայիսի 3-ին հրթիռակոծել են երեք թաղամաս: Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Ազիզիե թաղամասերում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են: Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Ապրիլի 28-ին Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախը պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է: Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Լրագրող Զարմիկ Պողիկյանի խոսքով, մշակութային ու կրոնական մեծ արժեք ներկայացնող թաղամասում քրիստոնեական կառույցների դեմ ուղղված գործողությունները սկսվել են ապրիլի 26-ից:

2012-ի օգոստոսից Հալեպը երկու մասի է բաժանված. Արևմտյան շրջանները վերահսկում է կառավարական բանակը, իսկ արևելյանը՝ մոտ երկու տասնյակ զինյալ խմբավորումներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---