«Միլլիեթ». Ապրիլքսանչորսյան տրավմայից ազատվելու համար Թուրքիային նոր ռազմավարություն է պետք

«Միլլիեթ». Ապրիլքսանչորսյան տրավմայից ազատվելու համար Թուրքիային նոր ռազմավարություն է պետք

PanARMENIAN.Net - Կրիտիկական ամսաթիվն այս տարի էլ հաղթահարվեց, գրում է «Միլլիեթ» պարբերականի հոդվածագիր Սամի Քոհենը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Ապրիլի 24-ի հետևում մնալը:

Նրա համոզմամբ՝ ինչպես և ենթադրվում էր, այս տարի Թուրքիայի դեմ ագրեսիվ դրսևորումներ եղան։ Որպես ասվածի օրինակ՝ հեղինակը նշում է Հռոմի պապից մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նման առաջնորդների, Ավստրիայի խորհրդարանից մինչև Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտնում է Tert. am-ը։

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Արձագանքելով ԵՄ առաջարկին Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց Ավստրիայի խորհրդարանը, իսկ Գերմանիայի նախագահն առաջին անգամ Բեռլինում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը և 1915 թ հայկական ջարդերը կոչեց Ցեղասպանություն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ երկրների նախագահների, Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Հոդվածագիրը նշում է, որ սրանից հետո Թուրքիան պետք է փոխի ռազմավարությունը՝ Հայաստանի հետ հարաբերություններ սկսելու հարցում։

«Ամեն տարի կրկնվող ապրիլքսանչորսյան տրավմայից ազատվելու համար այդ հարցում ավելի նոր և ընդգրկուն ռազմավարություն է պետք ստեղծել։

Մինչ այժմ Թուրքիայի քաղաքականությունն ու արտահայտած տեսակետներն արդյունք չեն տվել, հակառակը, այլ երկրների՝ այդ թվում Թուրքիայի բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումն ակնհայտ է դարձել»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ այս Ապրիլի 24-ից հետո Անկարան այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի։ Քոհենի խոսքով՝ իրականում 2008 թվականին Թուրքիայի և Հայաստանի միջև Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ապահովող «ճանապարհային քարտեզ» էին։ Դրանով Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ էին ստեղծվելու, սահմանն էր բացվելու, երկու երկրները Ցեղասպանության հարցի շուրջ համատեղ աշխատանքներ էին ձեռնարկելու։

Սակայն, ցավոք, այդ արձանագրությունները խորհրդարանում վավերացնելու փուլին չհասած՝ առկախվեցին։ Եվ դրա հիմնական պատճառն Ադրբեջանից եկած արձագանքն էր։

2015-ի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին,: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

«Այժմ թուրքական դիվանագիությունը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում քայլ ձեռնարկել չի՞ կարող։ Սահմանի, դեսպանատների բացումը շատ բան կարող է փոխել։ Միայն երկու երկրների համար չէ, միևնույն ժամանակ նաև Ադրբեջանի համար։

Թուրքիան Բաքվին չնեղացնելու համար Երևանի հետ հարաբերություններ չսկսելով՝ Ղարաբաղի հարցին օգուտ չի տա։ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ գործը տարիներ շարունակ չի կարողանում գլուխ բերել։ Սակայն Անկարան Երևանի հետ հարաբերություններ եթե ունենա, դա Բաքվի օգտին դերակատարություն կարող է ունենալ։

Այդ հարցի շուրջ ադրբեջանցիների զգայունությունը հայտնի է։ Սակայն Թուրքիան հարևան պետությանը համոզելու համար քայլեր պետք է ձեռնարկի, և այդ առումով կարող է հաջողության հասնել։ Դրա արդյունքը բոլորի օգտին կլինի»,- գրում է հոդվածագիրը։

Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է CNN Turk-ի հարցերին: «Թուրքերի և հայերի՝ այս տարածաշրջանում, հարևան լինելը մենք չենք ընտրել: Եթե թուրքերը Արձանագրությունները վավերացնեին, ամեն ինչ այլ կլիներ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր: «Մենք մեր ստորագրությունը հետ չենք կանչել: Եթե Թուրքիան հաստատի, մենք էլ կհաստատենք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---