«Թանգարանների գիշերը» Ռուբեն Սևակի թանգարանում կցուցադրվի «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը

«Թանգարանների գիշերը» Ռուբեն Սևակի թանգարանում կցուցադրվի «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը

PanARMENIAN.Net - «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրության է ներկայացվելու Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման առթիվ ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, որի հեղինակն է Տիգրան Բարխանաջյան: Այս մասին նշված է «Թանգարանների գիշերը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում» ֆեյսբուքյան էջում:

«Թանգարանների գիշեր-2015» ակցիան կանցկացվի մայիսի 16-ին: Հայաստանի բոլոր 110 թանգարանը միանալու են ակցիային, լինելու են անվճար և բաց մինչև կեսգիշեր:

Մայր Աթոռում բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը: Ռուբեն Սևակի թանգարանում կլինի բանախոսություն «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին» թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան), այնուհետև՝ «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած "Մայր Աթոռի արխիվները վկայում են..." ֆիլմի դիտում Ռուբեն Սևակի թանգարանում: Բացի այդ ժամը 18:30-ին սպասվում է երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան):

Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը: Արարողությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ էր, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ: Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել են սրբապատկերները, կատարվել է մասունքների առջև խոնարհման կարգը: Արարողության ավարտին հայտարարավել է լռության րոպե և աշխարհի եկեղեցիներում հնչել է 100 զանգ` հիշեցնելով արդարության և ճշմարտության մասին: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի: Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել էր 400 տարի առաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---