Հան. Պետք է մտածել «Արևելյան գործընկերության» երկրների հետ նոր ձևաչափեր մշակելու մասին

Հան. Պետք է մտածել «Արևելյան գործընկերության» երկրների հետ նոր ձևաչափեր մշակելու մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է համագործակցության նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք չեն ցանկանում սերտորեն ինտեգրվել համագործակցությանը: Այս մասին Բրյուսելում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Մենք պետք է խոստովանենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ համագործակցություն ծավալել, այս պարագայում մենք պետք է մտածենք հետագա քայլերի մասին: Սա ներքին նուրբ թեմա է Եվրամիության համար: Մյուսներն էլ հետաքրքրված են այլ հարաբերություններ ծավալելու մեջ: Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք, թե ինչպես է ավելի լավ շարունակել հարաբերությունները, հնարավոր է՝ մտածենք նոր ձևաչափերի մասին, որոնք դեռ պետք է ստեղծել»- աղբյուրը մեջբերում է եվրահանձնակատարի խոսքը, հայտնում է Tert.am-ը «Կոմերսանտի» վրա հղումով:

«Արևելյան գործընկերության» առաջիկա գագթնաժողովն անցկացվելու է Ռիգայում` մայիսի 21-22-ը:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ ղեկավար և ԵՄ Խորհրդի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» երեք երկիր (Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը), որոնք ասոցացման մասին համաձայնագրեր չունեն Եվրամիության հետ, պետք է օգտվեն հնարավորությունից և զարգացնեն գործակցությունն ի շահ բոլոր կողմերի: «Հայաստանի պարագայում ԵՄ-ն պատրաստ է քննարկել նոր համաձայնագրի հնարավորությունը, ասել է նա` հավելելով, որ պետք է իմանալ այդ երկրների «հատուկ, առանձնակի շահերը», -ասաց նա:

Ռինկևիչսը պարզաբանել է, որ այս ամենն առաջարկների հնարավոր տարբերակներն են, որոնք կարող են ընդգրկվել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի հայտարարության մեջ, որի լրամշակման վրա այժմ աշխատում են ԵՄ-ում:

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում:

«ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ:

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---