ՌԴ հետ հարաբերությունները փչացնելու փորձերը շարունակվում են. Չավուշօղլուն «դատապարտել է» Մոսկվայի գործողությունները

ՌԴ հետ հարաբերությունները փչացնելու փորձերը շարունակվում են. Չավուշօղլուն «դատապարտել է» Մոսկվայի գործողությունները

PanARMENIAN.Net - «Անհնար է արդարացնել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և այլ հետխորհրդային պետություններում», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Անկարան պատրաստ է «կառուցողական դեր» ստանձնել Մոսկվայի և Արևմուտքի տարաձայնություններում, սակայն «ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ արել և շարունակում է անել Ռուսաստանն իր հարևանների հետ հարաբերություններում»,-հայտարարել է Չավուշօղլուն մայիսի 12-ին Անթալիայում: Որպես օրինակ նախարարը մատնանշել է Ուկրաինան, մասնավորապես Ղրիմը, և Վրաստանը:

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է Անկարայի մտահոգությունների մասին, առ այն, որ Ղրիմում ռուսական իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում թաթարական փոքրամասնության ներկայացուցիչները: Ըստ նրա, թուրք պատգամավորների խումբ է այցելել թերակղզի` գնահատելու համար Ղրիմի թաթարների իրավունքների խախտման հետ կապված վիճակը, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն գտնում է, որ Արևմուտքը սխալվեց` Ուկրաինային Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև կանգնեցնելով: «Ցավոք, թեև Բեռլինի պատը փլուզվել է, դա տեղի չի ունեցել մեր գիտակցության պատի հետ»,-հայտարարել է նա, հայտնում է DW-ն:

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատթարացման միտումներ դրսևորեցին այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին Երևանում: ՌԴ նախագահը հայտարարեց, որ «Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. մենք գտնում ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն և չեն կարող արդարացում ունենալ: Ռուսաստանը մի շարք միջազգային իրավական ակտերի մասնակիցն ու նախաձեռնողն է, որոնք հիմք են դրել ժամանակակից միջազգային իրավունքին, այդ թվում Ցեղասպանության հանցագործության կանխման վերաբերյալ կոնվենցիայի:

Համաշխարհային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել հաշտ և խաղաղ` զերծ մնալով այն սարսափներից, որոնք կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և այլատյացության հետևանք են»:

Թուրքիան դատապարտեց ՌԴ նախագահի հայտարարությունը: «Չնայած մեր զգուշացումներին և հորդորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915-ի իրադարձությունները գնահատեց որպես ցեղասպանություն: Մենք դա մերժում ենք և դատապարտում»,-հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը:

Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին Թուրքիան անվանեց «Հայաստանի քարոզչական արշավի մաս»: Նա կոչ արեց Ռուսաստանին հրաժարվել իր միակողմանի դիրքորոշումից և սատարել «հայերին և Հայաստանին ուղղված Թուրքիայի բարեկամության և խաղաղության մասին կոչերին»:

Մինչդեռ Կրեմլում Անկարայի բուռն արձագանքը տարակուսանք առաջացրեց:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 25-ին հայտարարեց, որ Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը:

Պեսկովը նշեց, որ Հայաստանը ՌԴ կարևոր գործընկերն է, ԵՏՄ անդամ, Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, Մոսկվան և Երևանը կապված են անհամար պատմական կապերով: «Բնական է, որ նախագահն այլ պետությունների նախագահների հետ միասին մասնակցել է Երևանում կայացած հիշատակի միջոցառումներին: Կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---