10  Արցախը երկնքից

Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»... Խաղաղության հոտն այնտեղ ամեն հնարավոր բջիջով են շնչում

Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»... Խաղաղության հոտն այնտեղ ամեն հնարավոր բջիջով են շնչում

PanARMENIAN.Net - Երբ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի սպիտակ ցուցատախտակից, արդեն Գորիսի կողմերից հասանելի դարձած արցախյան ռադիոկայանների հաճախականություններում խշշոցը պակասում է: Լիսագորի՝ ամպերին գրկած սարերում սկսվում է լուրերի հաղորդումը, ռադիոյի ձայնը բարձրացնում ես...

«Արցախաադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ մարտական հենակետերից մեկում...» արդեն հոնքերդ մոտեցնում, կախում ես, մեկ էլ «...ծաղկել են իրիսները»... Ու հասկանում ես, որ գրեթե ամեն օր հակառակորդի սպառնալիքների ու կրակոցների ֆոնին ի հեճուկս հենց նույն այդ հակառակորդի, տարածքով, բնակչությամբ, բյուջեով ու մյուս բոլոր ցուցիչներով մի քանի անգամ փոքր Արցախում խաղաղության հոտը փորձում են շնչել ամեն հնարավոր բջիջով: Հետևաբար՝ սրելով իրենց պաշտպանելու բնազդը, հիմնավորելով պայքարելու որոշումն ու ուժը:

Ասվածն առավել քան իրական կերպարներ ստացավ, երբ հաղթանակի օրվա առթիվ Արցախի նախագահի նստավայրում պարգևատրվելու ներկայացածներին տեսանք: Առաջին շարքում գերմանացի ֆաշիստներին, ապա Արցախում թուրքին հաղթած բաբո-ձեդոներն էին, վերջին շարքում՝ համեստ նստած ու ընկերների հետ կիսաձայն կատակող մեր օրերի հերոսները՝ հազիվ 20-25 տարեկան, բայց արդեն իրենց «Արիության» մեդալներն ու «Մարտական խաչ» շքանշանները վաստակած: Իրենք իրենց մասին չխոսեցին, փոխարենը ներկաներն էին իրար դրվագային մանրամասներ պատմում՝ թուրքի դիվերսիաներին պատժիչ գործողություններով պատասխանած մեր տղերքն էին:

Խիստ սուբյեկտիվ պահի տպավորություն էր՝ եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները մի հրաշքով տեսնեին այս դահլիճում կուտակված հաղթանակի կամքը, սեփական սպառնալիքների ծիծաղելի հավակնոտությունից գոնե կկարմրեին:

Ու երբ պարգևատրվող ձեդոն վայրկյաններ անց մոտենում է ամբիոնին՝ իրեն հատկացված խոսքի իրավունքն օգտագործելով հստակ ու բովանդակալից քաղաքական հայտարարություն անելու համար՝ «Ոչ մեկն իրավունք չունի Ղարաբաղի ապագան որոշի առանց մեր նախագահի խոսքի»:

Այս մարդիկ կարող են այնպես անել, որ այլ կերպ չլինի, որովհետև իրենց նախագահի աշխատասենյակում պիտի ուշադիր լսեի, թե ինչ է ասում նախագահը, բայց աչքս արդեն ֆիքսել էր Արցախի պատմական տեղանուններից մեկով ծխախոտի տուփն ու պատուհանները: Նախորդ երկու օրը զորամասերում ու մարտական հենակետերում էինք. զինվորների պատուհանները «եվրո» էին, նախագահի աշխատասենյակինը՝ ոչ:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---