Տարվա գլխավոր կինոիրադարձությունը. Մեկնարկում է Կաննի կինոփառատոնը

Տարվա գլխավոր կինոիրադարձությունը. Մեկնարկում է Կաննի կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկում է համաշխարհային կինեմատոգրաֆի տարվա գլխավոր իրադարձությունը` Կաննի միջազգային կինոփառատոնը: Կինոյի տոնը կշարունակվի մինչև մայիսի 25-ը: Ավանդաբար հազարավոր կինոգործիչներ են հավաքվում Կաննում`ներկայացնելու իրենց կինոնկարները, դիտելու այլոց ստեղծագործությունները, իսմ գլխավորը` ընտրելու այն լավագույնը, ինչ տվել է «արվեստներից կարևորագույնը» կինեմատոգրաֆիական տարվա ընթացքում:

Խոշորագույն համաշխարհային կինոփառատոնը կբացի ֆրանսիացի ռեժիսոր Էմանուել Բերկոյի «Գլուխը բարձր պահած» սոցիալական դրաման` ֆիլմ, որը բացահայտում է դեռահասության շրջանում հանցավորության և հասունացման, սոցիալական ադապտացիայի և սերունդների հավերժական պայքարի բարդ թեման: Սա երկրորդ դեպքն է փառատոնի պատմության մեջ, երբ այն բացում է կին ռեժիսորի ֆիլմը` 1987 թ. 40-րդ կինոփառատոնը բացվեց Դիանա Կյուրիի «Սիրահարված տղամարդիկ» ֆիլմով: Բացի այդ, ֆրանսիական ֆիլմերը չեն բացել փառատոնը 2005-ից ի վեր, երբ Կաննի 58-րդ կինոփառատոնը բացվեց Դոմինիկ Մոլլի «Լեմմինգ» ֆիլմով:

Ամենից կարևորն, անկասկած, մրցութային ծրագիրն է: Կաննի 68-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին» է հավակնում 19 կինոնկար` Ժակ Օդիարի «Դիպանը», Ստեֆան Բիզեի «Շուկայի օրենքը», Վալերի Դոնզելլիի «Մարգարետն ու Ժուլիենը», Մատեո Գարոնեի «Հեքիաթների հեքիաթը», Թոդ Հեյնսի «Քերոլը», Հոու Սյոսյանի «Մարդասպանը», Ցզյա Չժանկեի «Սարերը կշարժվեն», Հիրոկազու Կորեդայի «Ումիմատին», Ջասթին Կուրզելի «Մակբեթը», Յորգոս Լանտիմորի «Օմարը», Մայուենն Լե Բեսկոյի «Իմ թագավորը», Նաննի Մորետտիի «Իմ մայրը», Լասլո Նեմեշի «Սաուլի որդին», Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդությունը», Հոակիմ Տրիերի «Ռումբերից բարձրաձայն» ֆիլմը, Գաս վան Սենտի «Ծառերի ծովը» և Դենի Վիլնյովի «Վարձկան կինը»:

Ըստ կինոքննադատների, փառատոնի ֆավորիտներ են համարվում Կաննի մրցանակի և Օսկարի դափնեկիր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդությունը» և նույնպես Կաննի փառատոնի մրցանակակիր Գաս վան Սենտի «Ծառերի ծովը»: «Երիտասարդությունը» ռեժիսորի երկրորդ անգլալեզու ֆիլմն է: Այն պատմում է տարեց դիրիժորի հանդարտ կենցաղի մասին, որի դերը կատարում է անզուգական Մայքլ Քեյնը: Դիրիժորը տարիներ անց առաջին անգամ մտադիր է նորից համերգ վարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պատվին: Ինչ վերաբերում է «Ծառերի ծովը» դրամային, դա պատմություն է մի ամերիկացու մասին (Մեթյու Մաքքոնահի), որը գնում է «Ինքնասպանների անտառ» Ֆուդզիյամայի ստորոտում, որը հայտնի է որպես ինքնասպանությունների վայր, կյանքին վերջ դնելու նպատակով: Այնտեղ նա հանդիպում է ճապոնացու (Քեն Վատանաբե), որը նույնպես ցանկանում է ինքնասպան լինել` նրանք միասին շրջում են անտառում` միաժամանակ վերլուծելով սեփական կյանքը:

Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորում են հայտնի ամերիկացի ռեժիսորներ, «Օսկարի» դափնեկիրներ Իթան և Ջոել Քոենները: Ժյուրիի կազմում են նաև հայտնի մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն, դերասան Ջեյկ Ջիլենհոլը և այլոք:

«Հատուկ հայացք» մրցութային ծրագրին մասնակցում է 11 կինոնկար. Նաոմի Կավասեի «Ապ» ֆիլմը, Ապիչատպոնգ Վերասետակուլի «Ճոխության գերեզմանը», Կիեսի Կուրոսավայի «Ճամփորդություն դեպի ափը», Բրիլիանտե Մենդոսայի «Ծուղակը», Ռադու Մունտյանուի «Մի հարկ ներքևը», Կորնելիու Պորումբոյուի «Գանձը», Շին Սու Վոնի «Մադոննան», Դալիբորա Մատանիչի «Արևամուտը», Ռոբերտո Միներվինիի «Մյուս կողմը», Դևիդ Պաբլոսի «Ընտրայլը», Ալիս Վինոկուրի «Մերիլենդը»: Ժյուրիի նախագահն է հայտնի իտալացի դերասանուհի Իզաբելլա Ռոսսելինին: Արտամրցութային ծրագրին 10 ֆիլմ է մասնակցում. Բերկոյի «Գլուխը բարձր պահած», Վուդի Ալենի «Իռացիոնալ մարդը», Փիթ Դոկտերի «Գլուխկոտրուկը», Ջորդան Միլլերի «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ», Մարկ Օսբորնի «Փոքր արքայազնը», Նատալի Պորտմանի «Վեպ սիրո և խավարի մասին», Բարբե Շրեդերի «Ամնեզիան», Պավլե Վուկովիչի «Պանաման», Ասիֆ Կապադիայի «Էմին» և Գասպար Նոեի «Սերը»:

Մայիսի 25-ին փառատոնի փակման արարողության ժամանակ Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» կհանձնվի Անիես Վարդային: Այս մրցանակին են արժանանում խոշորագույն ռեժիսորները, որոնц աշխատանքները մեծ ճանաչում են ստացել, սակայն ոչ մի անգամ չեն արժանացել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Կաննի միջազգային կինոփառատոնը (ֆր.՝ Festival international du film de Cannes), անցկացվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավորներից մեկը: Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։ Մյուս մրցանակներից են Գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---