Առաջին անգամ ՀՀ կառավարությունը սիրիահայերի փրկությունը համայնքի պահպանումից առաջնային հայտարարեց

Առաջին անգամ ՀՀ կառավարությունը սիրիահայերի փրկությունը համայնքի պահպանումից առաջնային հայտարարեց

PanARMENIAN.Net - Սիրիական պատերազմի չորս տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ առաջնային է ոչ թե համայնքի պահպանման, այլ սիրիահայերի փրկության հարցը:

«Արդեն, ցավոք սրտի, շատ բան է կորսված, սրանք վերջին հուսահատական ճիչերն են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այնտեղ հանգստություն, խաղաղություն լիներ, համայնքը վերագտներ իրեն, բայց ցավով եմ ասում՝ այսօր ավելի բացասական է իմ կարծիքը համայնքի լիաթոք գործունեության առումով։ Կարծում եմ՝ երբ խնդիրը կյանքի և մնացած հարցերի միջև է, իհարկե, կյանքը պետք է փրկել, կյանքից ավելի թանկ բան չկա»,- ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հալեպահայերի հարցն անցած շաբաթ բարձրացրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է տարհանել Սիրիայում մնացած հայ երեխաներին։ Հակոբյանն ասում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է ելքեր գտնի՝օգտակար լինելու նրանց, ովքեր ցանկություն ունեն դուրս գալ պատերազմական գոտուց։

«Գումար ուղարկելն ամենահեշտն է։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ արդյոք օդանավի անվտանգության հարցերը որևէ մեկը կվերցնի՞ իր վրա, կապահովի՞ օդանավի թռիչքը։ Դա արդեն ես չեմ կարող ասել, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է սրա պատասխանը տան։ Պետք է տրվի իրավիճակի գնահատականը։ Սա բոլորիս, կառավարության, պատկան կառույցների խնդիրն է, սա մեկ կառույցի խնդիրը չէ»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։ Սիրիայում գործող ոչ կառավարական կազմակերպությունները հաղորդում են, որ վերջին օրերին իրավիճակն էլ ավելի է սրվել, բազմաթիվ սիրիահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական կազմակերպությանը՝ խնդրելով ավիատոմս գնել Հայաստան հասնելու համար։

Հատկապես վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում են հալեպահայերին Սիրիայից դուրս բերելու կոչեր։ Վերջին շաբաթների ամենօրյա հրթիռակոծությունները, տասնյակ զոհերն ու վիրավորները, այդ թվում հայերի շրջանում, ստիպում են Սիրիայում և այդ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերին մտածել համայնքի տարհանման անհրաժեշտության մասին։

Հայաստանում սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մեկնաբանելով տարհանման մասին կոչերը, ասել է, որ նման որոշում պետք է կայացվի Հալեպում՝ ազգային կառույցների կողմից, ինչին Հայաստանի կառավարությունը կարձագանքի։

Հայ համայնքի ներկայացուցիչ Ռեիսյանի խոսքով, մինչդեռ, ովքեր ուզում են և հնարավորություն ունեն, կարող են հեռանալ Հալեպից՝ իրենց որոշելիքն է։ Իսկ նրանք, ովքեր կմնան, կշարունակեն նյութական աջակցություն ստանալ։ «Համայնքը կփորձի օգնել նրանց, ովքեր թեկուզ դժվարություններով կյանքը կշարունակեն Սիրիայում», - ընդգծել է Ռեիսյանը։

Անցած 4 տարիների հակամարտությունը Հալեպում գրեթե հողին է հավասարեցրել նաև քրիստոնեական թաղամասերը։ Ավերակների մեջ, առանց սննդի, ջրի ու էլեկտրականության կյանքը շարունակող հայերից շատերը չեն ուզում ապրել մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց գումար չունեն հեռանալու։ Համայնքի ուժերով ձևավորված Սիրիահայերի օգնության միությունը այսօր էլ շարունակում է սննդով, հագուստով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել նրանց։

Սիրիահայերին տարհանելու խնդրանքին Հայաստանի կառավարությունն նաև արձագանքել էր, թե կաջակցի դուրս բերել երեխաներին ու դպրոցականներին։ Համացանցում շատերը ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ շեշտում են, որ առանց ծնողների երեխաներին դուրս բերելը ճիշտ չէ։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր