Հայաստանն առաջատար է ԵՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալների աճով

Հայաստանն առաջատար է ԵՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալների աճով

PanARMENIAN.Net - 2015-ի հունվար-մարտին արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 605 մլն դոլար` 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 2 տոկոսով: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատար է ԵՏՄ երկրների թվում: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ ԵՏՀ տվյալների, ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերության ծավալները նվազել են 0,7 տոկոսով` կազմելով 212 մլրդ դոլար:

Արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում հաշվետու շրջանում հիմնականում պայմանավորված է աճով հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում` 27,7 տոկսով, կազմելով 115,9 մլն դոլար: Հաշվետու շրջանում վերամշակող արդյունաբերության աճը Հայաստանում կազմել է 0,6 տոկոս` 359 մլն դոլար: Ապահովումը էլեկտրաէներգիայով, գազով և այլն` կազմել է 120,1 մլն դոլար` նվազելով 13,2 տոկսով:

Ջրամատակարարումը, թափոնների վերամշակումն ու մաքրումը, երկրորդական հումքի ստացումը 10,2 տոկոսի աճ է գրանցել` 10 մլն դոլար:

Վիճակագրական տվյալներով, Ղազախստանում ևս աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները` 0,6 տոկոսով` կազմելով 18,3 մլրդ դոլար: Բելառուսում 2014-ի հունվար-մարտին գրանցվել է 7,3 տոկոս անկում` 11,6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանում արդյունաբերության ծավալը նվազել է 0,7 տոկոսով` կազմելով 181,5 մլրդ դոլար: Ղրղզստանում, որը ԵՏՄ-ին անդամակցելու փուլում է գտնվում, արդյունաբերության ծավալների աճը կազմել է 20.9 տոկոս` կազմելով 825,1 մլն դոլար:

Ընթացիկ տարվա հունվար-մարտին Ռուսաստանին բաժին է ընկել ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալի 85,6 տոկոսոը, Ղազախստանին` 8,6 տոկոսը, Բելառուսին` 5,5 տոկոսը, Հայաստանին` 0,3 տոկոսը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Բանկից նշել են, որ ՀՀ-ում գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվություն չկա
Գևորգ Պապոյանն առաջարկում է պետհամարանիշներից մեկի բացակայության համար սահմանել 20,000 դրամ տուգանք և զրկել 2 բալից