ՀԾԿՀ նախագահ. ՀԷՑ-ի ներկայացրած հայտը բավարար հիմք չէ էլէներգիայի թանկացման համար

ՀԾԿՀ նախագահ. ՀԷՑ-ի ներկայացրած հայտը բավարար հիմք չէ էլէներգիայի թանկացման համար

PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի՝ մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի համար բավարար հիմք չէ նման որոշման ընդունման համար: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ինքը՝ Նազարյանը.

«Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տալ:

«Համբերեք, դուք այդ պատասխանը կստանաք»,- հոդորել է Ռոբերտ Նազարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նազարյանը նաև ասել է, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:

Միևնույն ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 13-ին հայտարարել է, թե սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են.

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ՀԱԷԿ-ի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:

Նա նշել է, որ սակագների փոփոխության ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա և բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարում առկա է նաև ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը:

2014–ի օգոստոսի 1–ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։

Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե Հայաստանում 2015–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---