«Jewish Leader». Թուրքական կառավարությունը պետք է հետևի գերմանացիների օրինակին

«Jewish Leader». Թուրքական կառավարությունը պետք է հետևի գերմանացիների օրինակին

PanARMENIAN.Net - «Jewish Leader» պարբերականում լույս է տեսել ամերիկացի դիվանագետ Սթյուարտ Շվարցշտեյնի հոդվածը նվիրված Հայոց ցեղասպանությանը, որում հեղինակը շեշտադրում է այն հանգամանքը, որ գրեթե չկա այնպիսի լուրջ գիտնական, որը չընդունի Հայոց ցեղասպանության փաստը:

«Բազմաթիվ ընթերցողներ, անկասկած, գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրն է: Ես հատուկ եմ այդ եզրույթն օգտագործում. Փրինսթոնի համալսարանից մի պատմաբանից բացի (ով կապեր ունի թուրքական կառավարության հետ), ես Օսմանյան կայսրության պատմությունը կամ այն, ինչը մենք այսօր Ցեղասպանություն ենք անվանում, մարդկանց կանխամտածված սպանությունն ուսումնասիրող գոնե մեկ լուրջ գիտնական չեմ ճանաչում, ով չհամարի, որ 1915-1916 թ.թ. ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունը պետք է Ցեղասպանություն կոչել: Ցավոք, Թուրքիայի կառավարությունն այդպես էլ չի ընդունում, որ այդ մեծ չարագործությունը Ցեղասպանություն է»,- գրում է հեղինակը, հայտնում է Panorama.am-ը:

Այս համատեքստում վերջինս հիշեցնում է, որ չնայած Թուրքիայի մերժողականությանը, մեծ թվով կառավարություններ և օրենսդիր մարմիններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, Ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչում նաև Միացյալ Նահանգները, չնայած, որ սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հեղինակը անդրադառնում է նաև Իսրայելի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, վկայակոչում Գերմիայի կողմից Հոլոքոստի ճանաչումը և որպես կանխամտածված ժխտմանը հակառակ օրինակ մեջբերում է Գերմանիայի նախկին նախագահներից Ռիխարդ Վեյցզաքերի ելույթից մի հատված. «Մենք հարգում ենք, մասնավորապես, 6 մլն հրեաների հիշատակը, ովքեր սպանվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Հրեա ժողովուրդը հարգում է,և մենք միշտ հարգելու ենք: Մարդ լինելով՝ մենք միշտ հաշտեցում ենք փնտրում: Եվ հենց այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ առանց հիշատակը հարգելու հաշտեցումն անհնար է»:

Հեղինակի դիտարկմամբ` այս խոսքերը չպետք է մոռացվեն և թուրքական կառավարությունը նույնպես պետք է հետևի գերմանացիների օրինակին, ովքեր, մեծ վշտակցությամբ ընդունելով 6 մլն հրեաների սպանության պատասխանատվությունը, այդ կերպ հնարավոր դարձրեցին հաշտեցումը:

Վերջերս Հայոց ցեղասպանության թեման լայնորեն քննարկվում է Իսրայելում:

Քնեսեթի մայիսի 12-ի նիստը կարող է պատմական դառնալ. իր ելույթում խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ արեց Իսրայելի ղեկավարությանը ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն առաջին անգամ է արվում խոսնակի մակարդակով:

Էդելշտեյնը հայերի զանգվածային սպանությունները, որոնց 100-րդ տարելիցը նշվեց ապրիլի 24-ին, անվանել է «նախորդ դարասկզբի ամենադրամատիկ և մռայլ իրադարձություններից մեկը»: Նշելով, որ մինչ օրս Իսրայելը ոչ միանշանակ մոտեցում ուներ այս ողբերգության հարցում դիվանագիտական և այլ պատճառներով, նա պահանջել է վերանայել պաշտոնական դիրքորոշումը, «քանի որ ոչ ոքի տրված չէ փոխել պատմությունը»

Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ին Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի XV-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը երկարաժամկետ գործընթաց է, պարտադիր չէ, որ այն ավարտվի ապրիլի 24-ին: «Մենք մտադիր ենք հզոր արշավ սկսել, այդ թվում մեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տարբեր քաղաքներում: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ դա որոշակի արդյունք կտա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---