Գրոհայիններին հետ են մղել Պալմիրայի մատույցներից. Չեխիայի նախագահը ԻՊ դեմ գործողոությունների կոչ է անում

Գրոհայիններին հետ են մղել Պալմիրայի մատույցներից. Չեխիայի նախագահը ԻՊ դեմ գործողոությունների կոչ է անում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին առնվազն 300 մարդ է զոհվել Թադմոր քաղաքի (Պալմիրայի արաբական անվանումը) մատույցներում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ընդգրկված Պալմիրան: Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պահպանման դիտարկման սիրիական կենտրոնի զեկույցում:

Ըստ կազմակերպության տվյալների, զոհվածների թվում են ինչպես «Իսլամական պետության» անդամներ, այնպես էլ սիրիացի զինվորականներ և քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են հակամարտության գոտում: «Մոտ 295 մարդ է զոհվել, մեծ մասը ջիհադականներ ու սիրիացի բանակայիններ, Պալմիրայի ուղղությամբ ԻՊ գրոհի հետևանքով: Ընդհանուր առմամբ, սպանվել է Սիրիայի բանակի 123 զինվոր, ԻՊ 115 գրոհային և 57 քաղաքացիական անձ»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Սիրիայի բանակն ընդլայնում է հակաահաբեկչական գործողության մասշտաբները Պալմիրայի մատույցներում` Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա: Ինչպես ասել է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ Բարազին, Պալմիրայում տեղակայված զորամիավորումները լիովին դուրս են մղել գրոհայիններին շրջակա բլուրներից: «Մեր զինծառայողներն առաջխաղացում ունեն բոլոր ուղղություններով: Հոմսի ավտոմայրուղին փակելու ավազակախմբերի փորձը ձախողվեց` ավիացիայի և հրետանու շնորհիվ»,-ասել է Ալ Բարազին:

Նահանգապետը խոստովանել է, որ ԻՊ ահաբեկիչներին հաջողվել է նավթահանքեր գրավել Հելի շրջանում` Թադմորից 7 կմ հեռավորության վրա: Հարևան նավթահանքը գրավելու փորձը կասեցվել է` ոչնչցավել է 150-ից ավելի գրոհային:

Այժմ Սիրիայի ՌՕՈւ հարվածներ է հասցնում Էս Սուհնայի ուղղությամն նահանջող ահաբեկիչների շարասյուներին: Լիբանանի հետ սահմանին կառավարական զորքերը «Հեզբոլլահի» մարտիկների աջակցությամբ հսկողություն են հաստատել Քալյամունի տարածքի 80 տոկոսում` դա լեռնային շրջան է Դամասկոսից 60 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս: Այս հաջողությունը թույլ կտա սիրիական հրամանատարությանը սահմանափակել վարձկանների մուտքը Արևելյան Գուտայի շրջան:

Հալեպում, ըստ ՍԱՆԱ գործակալության, սիրիական բանակի մարտիկները պաշտպանում են ռազմա-օդային ուժերի քոլեջը, որտեղ ռազմական ճամբար է տեղակայված: Վերջին օրերին ԻՊ գրոհայինները երեք անգամ գրոհել են ճամբարը, սակայն ապարդյուն: Գրոհայիններին չի հաջողվել պայթեցնել քոլեջի մոտ կայանված զրահամեքենան:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել միջազգային հանրությանը հարվածներ հասցնել ԻՊ ռազմակայաններին: Հայտարարությունն արվել է «Տերեզին» հուշահամալիրում կայացած սգո արարողության ժամանակ, որտեղ Երկրորդ համաշխարհայինի տարիներին համակենտրոնացման ճամբար է եղել հրեաների համար:

«Հարկավոր է արձագանքել կրոնական ատելության տարածման աճող սպառնալիքին»,-ասել է Զեմանը: «XX դարի 40-ականներին տարածվում էր ռասայական ատելությունը, իսկ հիմա հարավից տարածվում է կրոնական ատելություն: Ես կցանկանայի, որ մենք կարողանայիքն ձերբազատվել անտարբերությունից, վախից և չհամոզեինք ինքներս մեզ, որ ոչինչ չի կատարվում»-ասել է նա:

Նրա կարծիքով միջազգային հանրությունը չի կարող հետաձգել ԻՊ դեմ գործողությունը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---