Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով

Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով

PanARMENIAN.Net - «Զարգացման նման ռիթմով Երևանի կենդանաբանական այգին կարող է մոտ ապագայում ներկայանալ ոչ միայն որպես լավագույնը տարածաշրջանում, այլև ամենաուշագրավներից մեկն աշխարհում», լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Դևիդ Հենքոքսը, ով փորձագետի կարգավիճակով 2011թ.-ից մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի մշակմանը։ Աշխարհի տարբեր երկրների կենդանաբանական այգիներում տնօրենի պաշտոն զբաղեցրած ճանաչված ճարտարապետը տեղի ունեցող բարեփոխումներն ու զարգացման ուղղությունը համարում է աննախադեպ։

Դեվիդ Հենքոքսը և Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աշխատակից, լանդշաֆտային դիզայներ Թայս դե Զեուն կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանն ընդառաջ Երևան էին այցելել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հրավերով՝ «FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Երևանի կենդանաբանական այգու համար» նախագծի շրջանակում։

Թայս դե Զեուն, անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգու ընթացիկ փոփոխություններին, նախևառաջ կարևորեց այգու բարենպաստ տեղանքը, որը թույլ է տալիս շատ կենդանիների համար ստեղծել բնականին մոտ կենսական պայմաններ:

Կենդանաբանական այգու տնօրեն և FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին, որի հսկայական ներդրման շնորհիվ Կենդանաբանական այգին հունիսի 1-ին հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով։

Առանձնակի կարևորվեց FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն այգում իրականացվող բարենորոգչական, կրթական և բնապահպանական նախագծերին, ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ:

Լրագրողների ճշգրտող հարցին ի պատասխան կենդանաբանական այգու տնօրենը նշեց, որ նոր ազատավանդակներ են կառուցվել վագրերի, գայլերի, արջերի, սուրիկատների և ջրասամույրների համար: Հունիսի 1-ին բացվող այգու մուտքի գնային քաղաքականության մասին տնօրենը հայտնեց, որ գնացուցակում կլինեն մի շարք տարբերակներ, մասնավորապես, կտարբերվեն հանգստյան և տոն օրերի տոմսերի գները, կլինեն նաև սեզոնային, ընտանեկան և այլ փաթեթներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---