Հանդիպում Բաթումում. ՀՀ և Վրաստանի վարչապետները խոսել են երկկողմ հարաբերություններից

Հանդիպում Բաթումում. ՀՀ և Վրաստանի վարչապետները խոսել են երկկողմ հարաբերություններից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում է Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումի զբոսայգում:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն, անդրադառնալով այս այցին, նշել է, որ Հովիկ Աբրահամյանի այցը Աջարիա կայացավ վրաց գործընկերոջ՝ «Ուժեղ շրջաններ՝ ուժեղ Վրաստանի համար» ծրագրի շարունակականության շրջանակում, որի ժամանակ Վրաստանի վարչապետը կոնկրետ շրջանում ներկայացնում է դրա ներդրումային, զարգացման ծրագրերը, հայտնում է Aysor.am-ը:

«Շատ հետաքրքիր է, որ այդ այցելությունը համընկավ նաև ՀՀ վարչապետի աշխատանքային այցի հետ և երկու երկրների վարչապետերի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների խորացման ուղիներ»,- ասաց նա՝ նշելով, որ դա անչափ կարևոր է, քանի որ գիտենք, որ տարեկան ավելի քան 1.5 մլն ՀՀ քաղաքացի է այցելում Վրաստան, այս թվի ավելի քան 50 տոկոսը՝ որպես տուրիստ: Իսկ բացի այդ՝ հայաստանցիները նաև բավականին լուրջ ներդրումներ են կատարում Վրաստանում ու կոնկրետ Աջարիայում, որը կարևոր տուրիստական շրջան է Վրաստանի համար:

«Հիշենք՝ օրեր առաջ նաև հանդիպում էր տեղի ունեցել Թբիլիսիում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի և Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարարի միջև, որոնք հայտարարեցին, որ անցած 13 տարիների ընթացքում ներդրումները Հայաստանից Վրաստան կազմել են ավելի քան 20 մլն դոլար և միայն 2014թ-ին՝ 2013թ-ի համեմատ, դրանց աճը կազմել է 139 տոկոս: Մեկ այլ թիվ էլ նշեմ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում կա 548 ձեռնարկություն, որում առկա է հայկական կապիտալը»,- թվարկեց Ջ.Մելիքյանը:

Փորձագետը կրկնեց՝ թեև սա ոչ պաշտոնական, աշխատանքային այցելություն էր, բայց հասկանալի է, որ դրա շրջանակում քննարկվել են բավականին լուրջ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական հարաբերությունների խորացմանը: Ինչպես նաև անշուշտ այս այցը նաև քաղաքական խնդիր էր լուծում.

«Իմ կարծիքով, այս այցի կարևորությունը նաև նրանում էր, որ Սահակյան-Բիբիլով հանդիպումից հետո ցոuյց տրվեց, որ հայ-վրացական հարաբերությունները ինչպես կային, այդպես էլ մնացել են և ոչ մի խոչընդոտներ չկան երկկողմ հարաբերություններում: Ու Հայաստանն ու Վրաստանը շարունակելու են իրենց բարիդրացիական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում»:

Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն այդ երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության խորհրդարանների ղեկավարների հանդիպման առիթով։ Վրաստանի փոխարտգործնախարարն ընդգծել էր, որ այդ հանդիպումը հակասում է երկու պետությունների՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունների ոգուն՝ վնասելով երկկողմ կապերին։ Հայկական կողմի պնդմամբ՝ Գալուստ Սահակյանի հանդիպումը Բիբիլովի հետ կրել էր բացառապես մասնավոր բնույթ, պաշտոնական հարցեր չէին քննարկվել։

Բաթումում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---