ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են տներ կառուցել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են տներ կառուցել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը, միասնական ուժերով՝ շարունակում են բնակարանաշինությունը Հայաստանի մարզերում: Այս անգամ թիմերը Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մասնակցել են Բաբաջանյանների կիսակառույց տան շինարարությանը, կատարել բետոնապատման աշխատանքներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ես հեքիաթների չեմ հավատում, բայց սա իսկական հեքիաթ է: Քանի տարի է ընտանիքս ապրում է այս կիսակառույց տան խոնավ ու մութ նկուղում՝ առանց տարրական հարմարությունների: Հիմա, երբ տեսնում եմ, որ տուն ունենալու իմ համառ ու անիրական թվացող երազանքը աչքիս առաջ իրականություն է դառնում, ինչպե՜ս չհավատամ հեքիաթներին»,-ասել է ընտանիքի հայրը՝ Գագիկ Բաբաջանյանը:

Այս գյուղը մեկն է Հայաստանի մի շարք գյուղերից, որտեղ բնակարանաշինությունը ոչ միայն կենսական,այլև ռազմավարական անհրաժեշտություն է: Խաչիկի թիկունքում սահմանն է, շատ տներ վթարային են: Այստեղից արտագաղթը կանխելու միջոցներից են ամուր տանիքն ու կենցաղային բավարար պայմանները:

«Մի եղիր անտարբեր: Շուրջ տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ոչ պատահականորեն, առաջնորդվում է այս կարգախոսով: Անտարբերությունը չարիք է ծնում, իսկ հոգատարությունը՝ սեր, հավատ, ուժ, ապրելու և ստեղծագործելու մեծ ցանկություն: Այսօր, առավել քան երբևէ՝ այդ մոտեցումը կարևոր է մեր ազգի համար: Անհաշտ հարևանի հետ երկար սահմանագիծ ունեցող երկրի բնակիչը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում էլ կանգնած մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել և ամրացնել լավ ապագայի հավատը: Քարը քարին դնել պատրաստվող կամավորների այս խումբն այդ հավատը սերմանելու համար է նաև այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Մ՞իթե կա ավելի հաճելի բան, քան սեփական հողում սեփական տուն ունենալը: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում 2008թ.-ին չորս տուն է կառուցվել և վերանորոգվել: Հայաստանի տասը մարզում այս տարի բնակարանաշինության ծրագրով կվերանորոգվի և ավարտին կհասցվի 40 տուն: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է ծրագրի իրականացումը: Հաջողված համագործակցության շնորհիվ՝ 53 ընտանիք ապահով կացարան ունի: Այս տարի ևս 40 ընտանիք կհամալրի այս ցուցակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---