Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ և Բելառուսի հետ գործակցության ընդլայնմանը

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ և Բելառուսի հետ գործակցության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հավանություն է տվել գործակցության ընդլայնմանը Հայաստանի և Բելառուսի հետ, մայիսի 19-ին հայտարարել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան:

«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների տարբեր գործընկերների հետ հարաբերություններում: «Արևելյան գործընկերության» ծրագրով մեր երկու գործընկերները` Հայաստանն ու Բելառուսը, որոշել են անդամակցել ԵՏՄ-ին, այսպիսով մենք պետք է ուսումնասիրենք և որոշենք, թե հիմա ինչպես պետք է խորացնենք մեր հարաբերությունները նրանց հետ»,-ասել է նա լրագրողներին:

«Արևելյան գործընկերության» ծրագրով նախատեսվում է ԵՄ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեք երկրները նախորդ տարի ստորագրեցին ԵՄ հետ ասոցացված գործընկերության մասին համաձայնագիրը:

«Եվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ շրջանակային համաձայնության վերաբերյալ նոր առաջարկություններին, որը կլինի ոչ այնքան տևական, ինչպես քաղաքական ինտեգրման մասին համաձայնագիրը, սակայն կօգնի խորացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ և հաշվի կառնի այն փաստը, որ երկիրը որոշել է լինել ԵՏՄ անդամ»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռիգայում մայիսի 21-ին մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովից երեք օր առաջ Եվրամիությունը հայտարարում է՝ պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել, այն էլ ոչ միայն քաղաքական մասով։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հրաժարվեց մանրամասներ հրապարակել, սակայն նշեց, որ Լատվիայի մայրաքաղաքում սպասվող գագաթաժողովը նոր հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանին:

«Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթաժողովում, բայց քանի դեռ այդ փաստաթղթերը բանակցային փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլինի մանրամասներ հաղորդել։ Բայց հստակ կարող եմ ասել, որ միայն քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Չնայած որ 2013-ին երեք ու կես տարի բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հետ կանգնել Ասոցացման համաձայնագրից, Հրիսթեան ընդգծում է՝ Եվրամիությունը հարգանքով մոտեցավ այդ որոշմանը և չդադարեցրեց ու մինչ այժմ շարունակում է ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ նախապես համաձայնեցված ոլորտներում։

«Արդեն կարող եմ ասել, որ մենք այս տարվա սկզբից սկսել ենք իրականացնել, այսպես ասած, վերանայված հանձնառությունները, կամ արդեն նոր հաստատված համաձայնությունները Հայաստանի հետ, ինչպես նաև ֆինանսական ամբողջ փաթեթը, որը ստորագրվեց այս տարվա սկզբին՝ 140-170 միլիոն եվրոյի չափով։ Պետք է նշեմ, որ նույնիսկ եթե գնահատենք այս աջակցությունը մեկ շնչի հաշվով, կարող եմ ասել, որ այն շատ հստակ համեմատելի է, և նույնիսկ հավասար այն աջակցության հետ, որը տրամադրվում է արդեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին»,- ընդգծեց Եվրամիության ներկայացուցիչը։

Եվրամիությունն, ըստ Հրիսթեայի, հետևում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Վենետիկի հանձնաժողովի նման Եվրամիությունը ևս կարևորում է, որ մայր օրենքի փոփոխության հարցում իշխող Հանրապետականը լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորի։

«Եվրամիությունը միտված է հետևելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին, որոնց հիմնական ուղղությունը վերաբերում է գործընթացը հնարավորինս համակողմանի դարձնելուն, այսինք հնարավորինս շատ շահագրգիռ կողմերին այս հարցում ներգրավելուն, և իհարկե, մենք կշարունակենք հետևել այս գործընթացին»,- ասաց Հրիսթեան։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ԵՄ դեսպանն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում, սակայն դժվարացավ պատասխանել հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռիգայի գագաթաժողովը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական հանդիպման առիթ դառնալ։

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---