16  19.05.15 - «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը« թեմայով 6-րդ միջազգային կոնֆերանսը
7  19.05.15 - Արմենակ Դարբինյանի, Փիրուզ Սարգսյանի, Պավել Մեդվեդևի, Մարկո Ֆրանկետիի և Կարոլայն Միտչելի մամուլի ասուլիսը

Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակն ամրապնդում է հանրության վստահությունը. Մեկնարկել է 6-րդ միջազգային համաժողովը

Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակն ամրապնդում է հանրության վստահությունը. Մեկնարկել է  6-րդ միջազգային համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 19-ին մեկնարկեց «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով 6-րդ միջազգային երկօրյա համաժողովը, որի մասնակիցների թվում են նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Շվեյցարիայի բանկային օմբուդսմենը, Ավստրալիայի Վարկային և ներդրումային օմբուդսմենը, ինվեստիցիոն արբիտրաժի և քարտային զեղծարարության հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից:

Բացելով համաժողովը, Հաշտարարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Դարբինյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտապես կարևորել է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության խմնդիրը, ինչի իրականացման նպատակով բարեփոխումներ են իրականացվել և միջազգային փորձի հիման վրա նոր ինստիտուտներ ներդրվել:

Հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է` կոչված լուծելու սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ գործունեության նպատակները ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունն է, սպառողների պահանջների քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու ֆինանսական միջնորդության ավելացումը:

«ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստեղծվեց 2009-ին: Այն մեծածավալ աշխատանք է կատարել ճանաչողությունն ապահովելու և հանրության ու ֆինանսական կազմակերպությունների վստահությունը վաստակելու ուղղությամբ»,- նշեց Դարբինյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, դեռ զգալի աշխատանք կա անելու ֆինանսապես լիարժեք և իր շահերը պաշտպանող սպառող ունենալու համար:

Արմենակ Դարբինյանը ներկայացրեց բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց պարզել են՝ բնակչության 57%-ը դրական է վերաբերվում իր իրավունքների հարցում պրոակտիվ լինելուն, բայց միայն 37%-ն ունի իր իրավունքները պաշտպանելու վերաբերյալ գիտելիքներ: Հարցվածների մոտ 60%-ը տեղյակ է, թե ինչով է զբաղվում ֆինանսական համակարգի հաշտարարը, բայց իրավունքների պաշտպանության առաջնային ուղին դեռ դատարանն է համարում:

«Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ զգալի առաջընթաց կա, բայց, միաժամանակ, նշանակում, որ սպառողների վստահությունը ձեռք բերելն ու նրանց իրազեկելը երկարատև աշխատանք է»,- նշեց նա:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, ներկայացնելով տարեկան աշխատանքների արդյունքները, նշեց, որ դեռ 2010-ից Գրասենյակն իրականացնում է սպառողների կրթման ծրագիր, որը շարունակվելու է նաև հետագայում: 2014-15 թթ. Գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են 44 ավագ դպրոց՝ ծրագրում ընդգրկելով մոտ 3700 աշակերտի, սեմինարներ անցկացրել Ֆրանսիական համալսարանի և ԵՊՀ-ի ուսանողների համար, ուսանողների շրջանում մրցույթ կազմակերպել:

«Կապված Գրասենյակի 5-ամյակի հետ, 6 դպրոցից 9-10 դասարանների մոտ 40 աշակերտի ենք հյուրընկալել Երևանում, մասնավորապես՝ Վեդիից, Գառնիից, Հրազդանից, Սևանից, Սպիտակից: Նրանք այցելել են Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, այնուհետև սեմինար ու խաղ-մրցույթ է անցկացվել, վերջում՝ այց Ազգային պատկերասրահ»,- նշեց Փիրուզ Մանուկյանը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ Ֆինանսական օմբուդսմենը նշեց, որ 2016-ին ՀՀ-ն հյուրընկալելու է Info 2016 ֆինանսական համակարգի հաշտարարների ցանցի տարեկան ամենամյա ժողովը: Դրան ընդառաջ Գրասենյակը թարմացնում է իր պաշտոնական կայքն ու այլ նախապատրաստական աշխատանքներ տանում միջոցառման կազմակերպման ուղղությամբ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանրությունը վստահում է Ֆինանսական հաշտարարի գրասենյակին, Փիրուզ Սարգսյանն ասաց, որ դիմողների թիվը տարեցտարի աճում է՝ 2013-ի համեմատ 2014-ին բողոքների աճ է արձանագրվել, ինչը շարունակվում է նաև 2015-ին:

«Սկսած 2009-ից Հայաստանում հօգուտ հաճախորդների լուծված բողոքների ցուցանիշը տատանվել է 60-70%-ի շրջանակում: 2013-ին արձանագրվել է մոտ 60% հօգուտ հաճախորդների լուծված բողոք, 2014-ին՝ 70%: 2012-ին ԱՊՊԱ-ի ներդրումից հետո Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը մոտ 70% էր: Արդեն երրորդ տարին է՝ այդ բողոքներն ամենաշատն են, ու դրանց դեմ բողոքների մոտ 70%-ը վերաբերում են ԱՊՊԱ-ին»,- մանրամասնեց Փիրուզ Սարգսյանը՝ հավելելով՝ Գրասենյակի ստացած ամենաքիչ բողոքներն ընդդեմ դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների են:

Փիրուզ Սարգսյանը նաև անդրադարձավ Գրասենյակի մարզային այցելություններին՝ նշելով, որ 2010-ից մինչև օրս մարզային արշավների ժամանակ աշխատել են ամեն տարի այցելել բոլոր մարզեր՝ ծրագրերում ներառելով ոչ միայն ավագ դպրոցների աշակերտներին. նաև բաց դռների օր են կազմակերպել ֆինանսական խնդիրներ ունեցողների համար:

Ներկայացնելով ՌԴ-ում ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման առաջընթացը, Ռուսաստանի ֆինանսական օմբուդսմեն Պավել Մեդվեդևը նշեց, որ իր երկրում Գրասենյակի ստեղծման համար նախադրյալը հենց ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ստեղծումն էր, ինչից հետո՝ 4.5 տարի ատաջ այն հիմնադրվեց նաև Ռուսաստանում:

«ՌԴ-ում հաշտարարի գրասենյակի ստեղծման մասին սկզբնական օրենքի տեքստը պատճենվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասին օրենքից: Ռուսաստանում դա պլագիատ չի համարվում»,- նշեց նա:

Ըստ Մեդվեդևի, սկզբնական շրջանում Ռուսաստանում ֆինանսական կառույցների դեմ բողոքներ չունեին, ավելի շատ «բողոքում էին ճակատագրից՝ վարկ եմ վերցրել, հիվանդացել եմ, չեմ կարողացել մուծել»: Նրա խոսքով նաև, ՌԴ-ում տարեցտարի նվազել է Օմբուդսմենի «հաջողակությունը», որը նախ 50% էր, 3-րդ տարի դարձավ 33%, 4-րդ՝ 19%: Ըստ նրա, պատճառն այն է, որ կտրուկ աճեց դիմողների թիվը:

«Դիմումների որակը կտրուկ ընկավ: Առաջին երկու տարին հազվադեպ էր, որ դիմողը միանգամից երկու բանկի պարտապան լինի, հիմա էլ է հազվադեպ, որ մեզ երկու բանկի պարտապան դիմի՝ սովորաբար դիմում են մարդիկ, որոնք 5 բանկի են պարտք»,- նշեց Ռուսաստանի օմբուդսմենը՝ հավելելով՝ Ռուսաստանի խնդիրը վարկերն են, քանի որ քաղաքացիները վստահ են, որ եթե մեկ այլ վարկ վերցնեն, կփակեն նախորդը, և այդպես էլ մի քանի վարկ է կուտակվում:

Անդրադառնալով Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի աշխատանքի իր դիտարկումներին, նա նշեց, որ մի քանի պատահական քաղաքացու շրջանում հարցում անցկացնելուց հետո պարզել է՝ նրանք հիմնականում հաշտարարից ավելին էին սպասում, քան ստացել են, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը համոզված է, որ կայացված որոշումն արդար էր:

Երկօրյա համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելուը տարբեր երկրներում ֆինանսական ոլորտում վեճերի լուծման մեխանիզմներին, կազմակերպվելու են առանձին թեմատիկ քննարկումներ` հիփոթեքային վարկերի վճարունակության ապահովագրության, Լոնդոնի Լլոյդսի, քարտային զեղծարարության և խաբեությունների վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ համաժողովին 140 մասնագետ է մասնակցում, որոնց գերակշիռ մասը ՀՀ ֆինանսական շուկայից են, մասնավորապես` բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչները:

2015-ի մայիսի 12-ի դրությամբ Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 1157 բողոք, հունվարի 1-ից ստացված գրավոր պահանջները 499-ն են, որոնցից 206-ն արդեն լուծվել է, ավելի քան 74%-ը՝ հօգուտ հաճախորդների: Հանգուցալուծված վերոնշյալ 206 պահանջի շրջանակում հաճախորդներին Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է ավելի քան 40 մլն դրամ: 2009-ին Գրասենյակի ստեղծման օրից ստացվել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 9538 բողոք, քննվել՝ 3297 պահանջ, իսկ հաշտարարի միջնորդությամբ հատուցել է ավելի քան 554 մլն դրամ գումար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---