Զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը զիջում է հարևան երկրներին

Զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը զիջում է հարևան երկրներին

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է զեկույց (The Travel & Tourism Competitivneess Report 2015)` նվիրված զբոսաշրջության դինամիկային ամբողջ աշխարհում: Համաձայն զեկույցի` չնայած տարբեր տարածաշրջաններում ռազմական հակամարտություների շարունակմանը` 2014թ-ին համաշխարհային տուրիզմի դինամիկան 2013թ-ի համեմատությամբ աճել է:

Այսպես` 2014թ-ին ամբողջ աշխարհում 1,14 մլրդ. մարդ եղել է զբոսաշրջիկի կարգավիճակում, ինչը 51 միլիոնով ավելի է 2013թ-ի ցուցանիշից: Զբոսաշրջության ոլորտը ապահովել է 2014թ-ի համաշխարհային ՀՆԱ-ի 9,5%-ը` մոտ 7 տրիլիոն դոլար, որը նաև կազմում է համաշխարհային արտահանումների մոտ 5,4%-ը, հայտնում է Panorama.am-ը

Համաշխարհային զբաղվածության մեջ զբոսաշրջություան ոլորտը վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել է 4%-ի աճ` ուղղակիորեն և անուղղակիորեն ապահովելով շուրջ 266 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում: Կանխատեսվում է, որ 2020թ-ին յուրաքանչյուր 10-րդ աշխատողը զբաղված է լինելու հենց զբոսաշրջության ոլորտում:

Զեկույցում վերլուծվել է նաև աշխարհի 141 երկրների մրցունակությունը զբոսաշրջության ասպարեզում: Որպես հետազոտության ինդիկատորներ` ընտրվել են 14 ոլորտներ և 90 տարբեր չափանիշներ: Դրանց ուսումնասիրության արդյունքում տրված գնահատականների միջինացված արդյունքներով 141 երկրները դասակարգվել են` ըստ տուրիզմի ոլորտում իրենց մրցունակության:

Համաձայն դասակարգման` զբոսաշրջիկների համար առավել բարենպաստ և նախապատվելի պայմաններ առաջարկող երկրների առաջին 10 հորիզոնականները համապատասխան հերթականությամբ զբաղեցրել են Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան:

Թուրքիան զբաղեցնում է 44-րդ, Ռուսաստանը` 45-րդ, Վրաստանը` 71-րդ, Ադրբեջանը` 84-րդ և Իրանը` 97-րդ հորիզոնականը:

Հայաստանի տուրիստական ներուժը Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ արժանացել է 89-րդ հորիզոնականին` 141 երկրների շարքում:

Տարբեր ոլորտներում ստացած գնահատականների հարցում ամենաբարձր միավոր Հայաստանը ստացել է անվտանգության և ապահովության ոլորտի համար: Այս ցուցանիշով Հայաստանը 38-րդն է 141 երկրների շարքում, իսկ ամենացածր գնահատական ստացել է բնական պաշարների, դրանց պահպանության, շրջակա միջավայրի հիմնահարցերի առնչությամբ, որով հայտնվել է 136-րդ հորիզոնականում:

Ինչ վերաբերում է առանձին 90 չափորոշիչներին, ապա երկրի տարածքում բջջային ծածկույթի հասանելիության, որակյալ խմելու ջրի մատչելիության, ՄԻԱՎ վարակակիրների թվաքանակի սակավության, ինչպես նաև եկամտահարկի տոկոսադրույքի չափով Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականները 141 երկրների շարքում:

Օրենքով բիզնես սկսելու համար նվազագույն օրերի թվով Հայաստանը զբաղեցնում է 8-րդ, իսկ ընդհանուր հարկային դրույքաչափով` 13-րդ հորիզոնականը:

Ըստ զեկույցի` 2013թ-ին Հայաստան է ժամանել 1 մլն. 84 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջությունից ստացված դրամային ներհոսքը կազմել է 458,1 մլն դոլար (ՀՆԱ-ի 4,2%-ը):

Ավելի վաղ հայտարարվեց, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232.583 զբասաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով պակաս է: Նվազել է նաև զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը՝ 214.757 մարդ: Նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է 4,1%-ով:

Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:

2015-ին միջազգային շուկայում Հայաստանը զբոսաշրջության համար որպես գրավիչ և բարենպաստ երկիր ներկայացնելու, բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր մշակելու, տպագրելու և տարածելու, Հայաստանը ներկայացնող գովազդային հոլովակներ պատրաստելու և այլնի համար էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից կծախսի 188 միլիոն 400 հազար դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---