Ալիևը չի մասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին. Եվրոպական խաղերն ավելի կարևոր են

Ալիևը չի մասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին. Եվրոպական խաղերն ավելի կարևոր են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի վրա հղումով:

«Մինչև առաջին Եվրոպական խաղերի մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնում, վերջին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ուստի Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին»,-ասել է Հասանովը:

Նախագահի օգնականը հայտարարել է, որ Ռիգայի գագաթնաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:Վերջին երեք երկրներն ընթացիկ տարում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրեր են կնքել:

Մայիսի 14-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ: «Բայց եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլեր, համանախագահները միշտ պատրաստ են աջակցել»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին անգամ հանդիպել են 2014-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա Ֆրանսիայի նախագահի հետ եռակողմ ձևաչափով: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Փարիզյան հանդիպումը 2014 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն էր։ Առաջինը օգոստոսի 10-ին էր Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---