Ադրբեջանը Ռիգայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու

Ադրբեջանը Ռիգայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու

PanARMENIAN.Net - Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Բաքուն որևէ փաստաթուղթ չի ստորագրելու: Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման պայմանագրից` Բաքուն պնդում է, որ ԵՄ հետ հարաբերություններն անհատական ձևաչափ ունենան: Այդ դիրքորոշման, ինչպես նաև ծրագրի մասնակից որոշ երկրներում ընթացող գործընթացների շնորհիվ, մոտեցումները «Արևելյան գործընկերության» երկրների հետ գործակցությանը փոփոխության են ենթարկվել, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ռիգայում մայիսի 21-22-ի հանդիպումների գլխավոր նպատակն է ցույց տալ, որ «Արևելյան գործընկերությունը» այնքան էլ չի պարտադրում սեփական կանոնները գործընկեր երկրներին` Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Ճգնաժամն Ուկրաինայում արդեն ցույց տվեց իրավիճակի բարդությունը, որին բախվեց այդ երկիրը: Մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունը թակում է «Արևելյան գործընկերության» դռները: Այժմ ԵՄ-ն փորձում է նոր, անհատական մոտեցում որդեգրել, որը կնվազեցնի ինտեգրման շեշտադրումը: Գագաթնաժողովում կորոշվեն հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով:

Մեկնաբանելով Բաքվի ակնկալիքները գագաթնաժողովից` Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հաստատեց, որ «որևէ փաստաթղթի ստորագրում Ադրբեջանի կողմից Ռիգայում նախատեսված չէ»: Մասնակցելով Բաքվում վերջերս ավարտված Միջմշակութային երկխոսության համաշխարհային համաժողովին` Մամեդգուլիևն ասել է.«Մենք ձգտում ենք նոր գործակցություն հաստատել ԵՄ հետ, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չկան»: Նա հայտնել է, որ «ԵՄ ներկայիս մոտեցումն «Արևելյան գործընկերության» ծրագրին ավելի ճիշտ է»: «Տարբերակված մոտեցումն ավելի ճիշտ է, սակայն այն դեռ միայն հայտարարվել է: Քննարկումները դեռ շարունակվում են: Եթե դա հաստատվի, յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունները կկառուցվեն հաշվի առնելով վերջինիս շահերը»,-ասել է Մամեդգուլիևը:

Մինչդեռ, ըստ քաղաքագետ Իլգար Վելիզադեի, Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռություն պահպանել ԵՄ և ՌԴ հետ հարաբերություններում:

Գուցե այս պատճառներով է, որ Վիլնյուսից հետո Բաքուն սկսեց պնդել, որ ԵՄ հետ հարաբերություններն անհատական ձևաչափ ունենան: Վելիզադեն պնդում է, որ միակ նուրբ պահը ԵՄ հետ գործակցության ոլորտում Անդրկասպյան գազամուղի նախագիծն է, որը Անդրատլանտյանի շարունակությունն է, որով գազը նոր աղբյուրներից կհասնի Եվրոպա: Սակայն այս հարցում Բաքուն հասավ նրան, որ այն քննարկվի «կասպյան հնգյակի» ձևաչափով, ինչը հնարավորություն կտա մերձկասպյան երկրներին ընդհանուր հայտարարի գալ, հաշվի առնելով նաև ՌԴ շահերը»,-ասել է քաղաքագետը: Բաքվի դիրքորոշումը «Արևելյան գործընկերության» հարցում ըմբռնումով է ընկալվում ԵՄ-ում, որը կարևորում է գործակցությունն Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում:

«ԵՄ երկրների շատ ընկերություններ են աշխատում Ադրբեջանում: Մենք ձգտելու են խորացնել մեր գործակցությունը: Այդ ռազմավարությունը կարտահայտվի նաև ամփոփիչ հռչակագրում»,-ասել է եվրոպացի պաշտոնյան:

Ինչպես հայտնի դարձավ մայիսի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի վրա հղումով: «Մինչև առաջին Եվրոպական խաղերի մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնում, վերջին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ուստի Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին»,-ասել է Հասանովը:

Նախագահի օգնականը հայտարարեց, որ Ռիգայի գագաթնաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---