Մաքուր, հարուստ ու զգացմունքային. «Շողակն» անսամբլի մենահամերգը Երևանում

Մաքուր, հարուստ ու զգացմունքային. «Շողակն» անսամբլի մենահամերգը Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին «32 Թատրոնում» երևանյան մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ «Շողակն» անսամբլը՝ ներկայացնելով մաքուր, հարուստ ու զգացմունքային հայկական ավանդականերգն ու երաժշտությունը:

«Շողակն» անսամբլը պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգն ու երաժշտությունը ներկայացնում է աշխարհին՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի կոմիտասյան ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը:

Անսամբլը հիմնադրվել է 20 տարի առաջ՝ 1995 թվականին, Երևանում: Այն ներկայացնում է հայ ավանդական երաժշտությունը, ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ:

«Շողակն» անսամբլի կազմում են հանդես գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, զուռնա), Հասմիկ Հարությունյանը (վոկալ, ուդ), Կարինե Հովհաննիսյանը (քանոն), Լևոն Թևանյանը (շվի, թավ շվի, բլուլ), Վարդան Բաղդասարյանը (քամանչա), ինչպես նաև` Ալեքսան Հարությունյանը (վոկալ, դափ), Կամո Խաչատրյանը (դհոլ) և Գրիգոր Թաքուշյանը (դուդուկ, դամ):

Անսամբլը մենահամերգներով է ներկայացել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում՝ տարածելով հայ ժողովրդական և գուսանական արվեստը:

2000-ից « Շողակն» անսամբլն ակտիվ շրջագայում է համերգներով` հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում և փառատոներում, ինչպիսիք են «Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ» (ԱՄՆ), «Ռուդոլշտադտ» (Գերմանիա), Theatre de la Ville (Փարիզ): 2004 և 2008 թվականներին «Շողակնը» համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, մենահամերգներով հանդես է եկել Carnegie Hall, Kimmel Center դահլիճներում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ և ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014-ին «Շողակն» համույթը նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում և Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում:

Անսամբլը և մենակատարներն ամերիկյան Traditional Crossroads և շվեյցարական Face Music ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք լավագույններից են իրենց տեսակի մեջ և արժանացել են միջազգային ու հայաստանյան հեղինակավոր մրցանակների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---