The Guardian. ԵՄ-ն տապալեց «Արևելյան գործընկերությունը»

The Guardian. ԵՄ-ն տապալեց «Արևելյան գործընկերությունը»

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian-ը մայիսի 21-ին գրում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի ձախողման մասին: ԵՄ անդամները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ՌԴ հետ հետագա հարաբերությունների միասնական ռազմավարություն մշակել:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը ստեղծվել է հետխորհրդային երկրներում ՌԴ ազդեցության զսպման նպատակով և նախատեսում էր եվրաինտեգրում և հզոր քաղաքական ու տնտեսական միության ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ: Սակայն Հայաստանն ու Բելառուսը պայմանագիր կնքեցին ԵՄ մրցակցի` Եվրասիական տնտեսական միության հետ, Ադրբեջանը ևս կորցրեց հետաքրքրությունը ծրագրի հանդեպ` այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր չէ մասնակցել Ռիգայի գագաթնաժողովին:

Բրիտանացի վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարներն այնքան էլ գրավիչ չեն հետխորհրդային երկրների համար և այնտեղ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու Բրյուսելի ծրագրերը կարելի է ձախողված համարել, գրում է Direct-press.ru-ն:

Ռիգայում մայիսի 21ին աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդների, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարության, ինչպես նաև ծրագրի մասնկից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատելու առաջընթացը Բրյուսելի և նախաձեռնության մասնակից երկրների միջև հարաբերություններում 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո:

Գագաթնաժողովում կորոշվեն նաև հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում ԵՄ Նախարարների խորհրդի կոմիտեի նիստի ավարտին հայտարարեց, որ Մոսկվան չի պարտադրի իր որոշումները ԵՄ-ին, սակայն կցանկանար, որ տարբեր երկրների հարաբերությունները ԵՄ հետ զարգանան ոչ ի վնաս Ռուսաստանի:

«Ես չեմ կարող մեկնաբանել մեր սպասելիքները, մենք չեք կարող ԵՄ-ին և նրա գործընկերներին պարտադրել ինչ-ինչ որոշումներ, մենք միայն ցանկանում ենք, և մեր գործընկերները Բրյուսելում վաղուց դա գիտեն, որ այդ հարաբերությունները չկառուցվեն ի վնաս ՌԴ օրինական շահերի»,-ասել է Լավրովը:

Եվրոպական կառույցները պնդում են, որ բոլոր հնարավոր զարգացումները «Արևելյան գործընկերության» երկրների հետ ուղղված չեն ՌԴ դեմ: Ըստ Պոյկանսի, «նրանք ցանկանում են Ռուսաստանի հարևանների հետ միասին, որոնք, ի դեպ, նաև ԵՄ հարևաններն են, բարգավաճող և կայուն գոտի ստեղծել ԵՄ-ից դուրս»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---