ԱԳ նախարարը Ռիգայի գագաթնաժողովի արդյունքների և Ադրբեջանի մեկուսացման մասին

ԱԳ նախարարը Ռիգայի գագաթնաժողովի արդյունքների և Ադրբեջանի մեկուսացման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանը և Եվրամիությունը վերահաստատեցին, որ մտադիր են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաև պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հռչակագրում էլ դրա մասին է խոսվում, որ այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրամիության հետ դեռ նոյեմբեր ամսին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ինչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ՝ որովհետև Եվրոպական միության բանակցող թիմը չուներ մանդատ, և հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները մենք եզրափակեցինք մարտ ամսին և եկանք ընդհանուր հասկացողության, որ պետք է շուտով բանակցություններ սկսենք, և դրա մասին նաև արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում: Եվ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրոմիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո մենք կսկսենք բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման:

Այս Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը:

Ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրոմիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Խոսքը գնում է հենց նրա մասին, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրոմիություն վիզաների և արտոնագրերի պահանջից»,-ասել է Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ շարունակվել են բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության մասին, որոշ ոլորտային համագործակցության մասին նշում կա նաև Հռչակագրի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ դա լինի Horizon 2020 ծրագրի հետ կապված, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, նաև խոսքը գնում է ձեռնարկատիրությունների խրախուսման, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների, նաև ավիացիայի բնագավառում և այլ բնագավառներում»:

«Այսինքն՝ այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք»,-շեշտել է Նալբանդյանը:

«Եվ ինչ-որ խոսակցություններ էին ընթանում, որ կստորագրվի ինչ-որ մի բան, չի ստորագրվի՝ այդպիսի հարց չի էլ եղել, որովհետև դեռ հունվար ամսին, կարծեմ դուք հիշում եք, որ խորհրդից անմիջապես հետո ես հայտարարեցի, որ իհարկե երբ որ լինի մանդատը Եվրամիության կողմից այդ բանակցող թիմին, այն ժամանակ բանակցություններ կընթանան, կմշակվի փաստաթուղթը, և երբ որ գանք ընդհանուր համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի:

Այսինքն, որևէ բան չէր էլ սպասվում այսօր ստորագրվեր, դրա համար ինձ մի քիչ զարմացնում է, որ չնայած այն պաշտոնական հայտարարություններին, որոնք արվել էին բարձր մակարդակով Հայաստանում և Եվրամիության կողմից նաև, ամենաբարձր մակարդակով, դրանք նկատի չէին առնվում, բայց ինչ-որ»,-ասել է նա:

Անդրադառնալով այն փաստին, որ հավանություն տրվել է, որպեսզի Եվրահանձնաժողովը սկսի բանակցությունները` Նալբանդյանն ասել է. «Ուրեմն, հանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, և Խորհուրդը պետք է հաստատի այդ մանդատը, և ես վստահ եմ, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, և մենք կսկսենք բանակցությունները»:

Նախարարն ադրադարձավ նաև ՀՀ նախագահի ելույթին, որտեղ նա քննադատեց Ադրբեջանին, ասաց, որ Ղարաբաղը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ, իսկ հետո խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին: Նա մասնավորապես ասաց. «Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրամիության անդամ երկրների և նաև այլ՝ «Արևելյան գործընկերության» երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս հարթվեց այն հարցը, որ Բելառուսը և Հայաստանը դեմ էին «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին` Նալբանդյանն ասաց. «Ընդհանուր Հռչակագրի մեջ կային մի շարք եզրույթներ, մի շարք դրույթներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեին, և, բնակաբանար, մենք էլ ունեինք մեր կարծիքը, և կարծում եմ, որ Հայաստանի, ես Բելառուսի անունից չեմ կարող հիմա ասել, բայց Հայաստանի այն առաջարկները և այն գաղափարները, որոնք ներկայացվել էին, ըմբռնումով ընդունվեցին, և կարող եմ ասել՝ մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին այդ Հռչակագրի մեջ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը: Գագաթնաժողովի երկրորդ օրը ստորագրվեց անփոփիչ Հռչակագիրը:

Ադրբեջանն ամբողջ օրվա ընթացքում հրաժարվում էր ստորագրել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը: Այս մասին մայիսի 22-ին Ռիգայում լրագրողներին է հայտարարել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Պատասխանելով խնդրահարույց պահերի մասին հարցին` նա ասել է. «Կարծես, խնդիրը հենց Ադրբեջանի հետ է կապված, ամեն դեպքում օրվա ընթացքում այդպես էր»:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---