ՌԴ-ից Հայաստան հնարավոր կլինի մեկնել անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար ունենալով

ՌԴ-ից Հայաստան հնարավոր կլինի մեկնել անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար ունենալով

PanARMENIAN.Net - Շուտով հնարավոր կլինի Ռուսաստանից Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան մեկնելիս անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար տանել: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել, որը թույլ կտա ներդաշնակեցնել տեղի օրենսդրությունն առևտրային դաշնակիցների նորմերի հետ:

Կառավարության կայքում զետեղված է կառավարության կարգադրությունը, որով օրինագիծ է ներկայացվում Պետդումա արտարժույթի և արժեթղթերով գործողությունների համար մաքսային տուրքերից ազատելու վերաբերյալ:

Ինչպես ասվում է կառավարության պորտալում, այդ օրինագիծը մշակվել է նույնականացնելու համար Մաքսային միության անդամ երկրների օրենսդրությունները: Օրինագծով ենթադրվում է ազատել ապրանքի արտադրության հետ կապված գործողությունները, ռուսական արժույթը, արտարժույթը (բացառությամբ նումիզմատական արժեք ունեցողների), ինչպես նաև շրջանառվող արժեթղթերը մաքսատուրքերից, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրեց նախօրեին երկրի խորհրդարանում ընդունված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցության մասին միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը:

«Մենք լավ պայմաններ ապահովեցիքն, միայն դրանից հետո պայմանագիրը ստորագրվեց: Անդամակցումը ԵՏՄ-ին ղրղզական ապրանքների համար կբացի մոտ 200-միլիոնանոց շուկա»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Ղրղզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսությամբ երկիր» և կսկսի դինամիկ զարգանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը:

Խորհրդարանի խոսնակ Ասլիբեկ Ժեենբեկովն ասաց, որ «դա ճակատագրական որոշում է, որը պատմական կլինի պետության ապագայի համար: Մենք ճանապարհ ենք բացում նոր տնտեսական հնարավորությունների համար»: Այժմ ասաց նա, պայմանագիրը պետք է վավերացնեն ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:

Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով:

«Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը:

Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում, հայտնում է Knews.kg-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---