Մամեդյարով. Ռուսաստանը ձգտում է «տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը»

Մամեդյարով. Ռուսաստանը ձգտում է «տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մայիսի 25-ին կայացած հանդիպման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Օրակարգի հիմնական հարցը Ռուսաստանի հստակ մտադրությունն էր «տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը», հայտարարել է Էլմար Մամեդյարովը «Վեստնիկ Կավկազա» գործակալության փոխանցմամբ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկում է իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում:

Մայիսի 24-26 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ:

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էլմար Մամեդյարովը նաև ասել է, որ Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի գազի Հարավային միջանցքի նախագծում: «Անշուշտ, Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի, քանի որ եթե չլինի Ադրբեջանի գազը, չի լինի նաև նախագիծը»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:

Մայիսի 25-ին Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»:

Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ:

«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---