Մարվել է Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը

Մարվել է Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը, որի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 26-ին։ Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը՝ Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառի» և Անմար կրակի, ինչպես նաև իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին։

«Կարմիր պաստառը», որի վրա պատկերված էին Մանուշյանի և իր ընկերների դիմանկարները, տարածվել էր ֆաշիստական զորքերի կողմից՝ ընդհատակյա գործիչներին հայտնաբերելու նպատակով։ Նամականիշի դիզայնը պատկանում է Վահագն Մկրտչյանին և Դավիթ Դովլաթյանին, այն տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում, չափերն են՝ 30,0 x 40,0 մմ։ 50 հազար տպաքանակով թողարկված նամականիշի պատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։

Նամականիշի թողարկումը հարգանքի տուրքի մատուցումն է այն մարդկանց, ովքեր հեռու լինելով իրենց հայրենիքից, կտրված լինելով մշակույթից ու պատմությունից, արել են ամեն ինչ՝ բարձր պահելու հայ մարդու անունը՝ շնորհակալություն հայտնելով իրենց հյուրընկալող երկրին իրենց փրկելու, ապաստան և հնարավորությունները տալու համար։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան էր։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։

Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---