Անտեսելով Դամասկոսի զգուշացումները` Թուրքիան օգնում է վարժեցնել Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը

Անտեսելով Դամասկոսի զգուշացումները` Թուրքիան օգնում է վարժեցնել Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայում մեկնարկել է Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական վարժանքի ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոս այցելության ժամանակ:

«Թուրքական և ամերիկյան անձնակազմը, որը ուսուցանելու է նրանց, ստանձնել է իր պարտավորությունները: Կարելի է ասել, որ ծրագիրը սկսվել է փոքր խմբերի վարժանքից: Ենթակառուցվածքները պատրաստ են, բոլոր անհրաժեշտ սարքերը տեղադրված են»,-մեջբերել է նախարարի խոսքը NTV հեռուստաալիքը: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ծրագրի իրագործմամբ «միասին զբաղվում են Թուրքիան և ԱՄՆ-ն»:

Չավուշօղլուն նշել է նաև, որ ուսուցման ավարտին հարց կառաջանա. «ուր են այդ մարդիկ վերադառնալու և ինչ աջակցություն է պետք է նրանց ցուցաբերել»: «Հարկավոր է, որպեսզի տարածաշրջանը, ուր նրանք վերադառնալու են, անվտանգ լինի: Դրա հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկում են թուրքական և ամերիկյան կողմերը տեխնիկական մասնագետների և զինվորականների հետ, վերջնական որոշումը համատեղ է կայացվելու»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վարժեցրու և ապահովիր» անվանումը ստացած ծրագիրը ենթադրում է Սիրիայի ազատ բանակի անձնակազմի մարզում: 2015-ին նախատեսվում է վարժեցնել մոտ 2 000 սիրիացի ընդդիմադիրի: Ծրագիրը նաև ենթադրում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի մասնակցությունը, որոնք ընդհանուր առմամբ մոտ 15 հազար ընդդիմադիրի կվարժեցնեն: Սկզբում նախատեսվում էր, որ վարժանքները սկսվելու են մարտին Թուրքիայում:

Մինչդեռ, Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը երրորդ պետությունների ցանկացած աջակցություն զինյալներին կգնահատի որպես ագրեսիա:

«Ցանկացած պետություն, որը մտադիր է սատարել զինյալ ահաբեկչական խմբավորումներին, Սիրիայի դեմ ագրեսոր կհամարվի»,-ասել է նա ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության, հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ու Վաշինգտոնը պայմանավորվել են օդից աջակցել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, պատրաստելով նրան ԻՊ դեմ պայքարին:

Ինչպես հայտարարեց սիրիացի նախարաը, Անկարայի նման հայտարարությունները հաստատում են, որ Թուրքիան մտադիր է «անմիջական ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայում մարտնչող ահաբեկչական խմբավորումներին, ինչը ավելի շատ խաղաղ բնակիչների մահվան պատճառ կդառնա:

Փետրվարին հայտնի դարձավ, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնը 500 մլն դոլար կհատկացնի ընդդիմադիր զինյալների պատրաստման ու սպառազինման համար:

Մարտին Սիրիայի արտաքին ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչները, որոնց կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում, հայտարարեցին «ժամանակավոր ռազմավարական դաշինքների» մասին Անկարայի պատրաստած գրոհայինների և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման միջև, որոնք շարունակում են քաղաքներ ու կարևոր օբյեկտներ գրավել Սիրիայի Իդլիբ գավառում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---