ԱԳ նախարար. Սիրիայում խաղաղության հաստատումը հնարավոր է կառուցողական երկխոսության միջոցով (թարմացված)

ԱԳ նախարար. Սիրիայում խաղաղության հաստատումը հնարավոր է կառուցողական երկխոսության միջոցով (թարմացված)

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով մեկնել է Դամասկոս, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցելության շրջանակում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նախարարը մասնավորապես ասել է.

«Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրիացի գործընկեր Վալիդ ալ-Մուալլեմին՝ Սիրիա այցելելու հրավերի և մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Այս այցելությունը տեղի է ունենում սիրիացի բարեկամ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։

Սիրիական ճգնաժամից ի վեր մենք միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել ենք Մերձավոր Արևելքում և, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։ Այսուհետ ևս մենք շարունակելու ենք այդ խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել:

Խորհրդանշական է, որ այցելում ենք Սիրիա հենց այս տարի. 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ իմ հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։ Մենք ականատես ենք նոր վայրագությունների, բարբարոսության, որոնց հետևանքով միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված են նորից գաղթի ճամփան բռնել։

Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց նաև աշխարհասփյուռ հայերի համար ուխտատեղի հանդիսացող՝ Դեյր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, ինչը խորհրդանշական կապ է ստեղծում մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։ Մեր մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակը։ Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։

Բանակցությունների ընթացքում անդրադարձանք Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով»:

Ավելի վաղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց . «Այժմ զբաղվում ենք սիրիահայ երեխաների ճամբարի, Հայաստան եկած սիրիահայերի բնակարանների վարձերի ապահովության, բժշկական աջակցության հարցերով», հայտնել է Panorama,am-ը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ կապված «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայի Պալմիրա բնակավայրի գրավման, խաղաղ բնակիչներին մահապատժի ենթարկելու, պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ, Հրանուշ Հակոբյանն ասել է. «Կարծում եմ՝ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս հարցն անպայման քննության առարկա կդառա, քանի որ ոչնչացում են ոչ միայն մարդկանց, այլ նաև քարերի հետ են կռիվ տալիս, որը պատմություն է, արժեք է, պաշտպանված է միջազգայնորեն»:

Նախօրեին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ 2014-ին ՀՀ քաղաքացիություն ստացած 13266 անձանցից 3613-ը` սիրիահայեր են:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---