ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը. Այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը. Այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

PanARMENIAN.Net - ԼՂՀ Գերագույն դատարանը մայիսի 27-ի դռնբաց դատական նիստում վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը:

Դատական նիստը վարել են դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով, հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը, նշել է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման, հայտնում է Արցախպրեսը:

Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորություններն օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---