ԱԳ փոխնախարարը կարծում է՝ մինչև տարեվերջ ՀՀ-ն ու ԵՄ-ն նոր փաստաթուղթ կստորագրեն

ԱԳ փոխնախարարը կարծում է՝ մինչև տարեվերջ ՀՀ-ն ու ԵՄ-ն նոր փաստաթուղթ կստորագրեն

PanARMENIAN.Net - Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, դրանք ընթանում են բնականոն և անկաշկանդ, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով հնչեցված մտահոգությանը, թե մեր ռազմավարական դաշնակիցը գուցե կրկին կասեցնի Հայաստան-ԵՄ նորացվող հարաբերությունները:

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք շատ թափանցիկ: Մեր ռազմավարական գործընկերները տեղյակ են մեր անելիքների և ակնկալիքների մասին, այնպես որ, հուսամ՝ այս անգամ գործընթացը կունենա հաջող ընթացք և ավարտ», - ասաց Նազարայանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելով՝ փոխարտգործնախարար Նազարյանն ասաց, որ ոչ թե հոռետեսների, այլ լավատեսների թվում է, ովքեր կարծում են, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Եվրամիությունը կունենան ստորագրված նոր մի փաստաթուղթ՝ 2013-ին Վիլնյուսում տապալված Ասոցիացման համաձայնագրի փոխարեն. «Հիմնական նպատակն է ի հայտ բերել համատեղելի տարրերը»:

Հայ ազգային կոնգրեսի քարտուղար Արամ Մանուկյանը ևս հիշեց սեպտեմբերերեքյան որոշումը՝ նկատելով, որ ոչ ճշգրիտ հաշվարկների պատճառով Հայաստանը հարված ստացավ: Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցման երկրորդ փուլում նման վտանգ չկա՞:

Կարեն Նազարյանն արձագանքեց, որ խորհրդակցություններ ունեցել են՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության շուրջ` ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա:

«Վերջերս Հայաստանում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Մեշկովը և մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու եվրոպական կառույցներում մեր հարաբերություններին ու նաև համագործակցության հարցերին», - ասաց Նազարյանը: Փոխնախարարը ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ բանակցությունների մեկնարկի ժամկետներ չցանկացավ նշել, ասաց՝ Հայաստանը հույս ունի ԵՄ-ի հետ շուտով ստորագրել գիտության, մրցունակության, ավիացիոն ոլորտի, վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկի մասին համաձայնագրերը: Գործընթացը շարունակվում է, ասաց փոխարտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է դրական հանգուցալուծման. - «Շատ դժվար է կանխատեսել բանակցությունների ընթացքը, դրանք ամբողջությամբ կախված են դինամիկայից, բովանդակային հարցերից»

Արտգործնախարի մյուս տեղակալ Սերգեյ Մանասարյանից լրագրողները հետաքրքրվեցին սիրիահայերի վիճակով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցով այդ երկրում էր, արդեն հայտարարել է, որ խորապես մտահոգված են Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով: Փոխարտգործնախարարը, սակայն, նշեց, որ սիրիահայերի տարհանման մասին խոսք չկա:

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավաբանական ձևաչափի շուրջ:

Նա նշել է, որ «Արևելյան գործընկերությունն» այն ձևաչափն է, որը թույլ է տալիս արժեքներ փոխանցել և օգնում է մասնակից երկրներին իրականացնել բարեփոխումները:

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մայիսի 22-ին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին հայտարարեց, որ Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների մասին, առաջընթաց քայլեր կկատարի Բելառուսի հետ գործակցության ուղղությամբ:

«Մենք համաձայնության ենք եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների ծավալների մասին: Մենք նաև պետք է հնարավորություն ունենանք մի քանի քայլ առաջ անել Բելառուսի հետ մեր հարաբերությունները խորացնելու նպատակով: Ադրբեջանին մենք առաջարկել ենք թարմացնել ԵՄ հետ հարաբերությունների պայմանագրային հիմքերը»,-հայտարարեց նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---