Սիրիայի բանակը նահանջել է Էրիխ քաղաքից, իսկ ԵՄ-ն երկարացրել պատժամիջոցները Դամասկոսի դեմ

Սիրիայի բանակը նահանջել է Էրիխ քաղաքից, իսկ ԵՄ-ն երկարացրել պատժամիջոցները Դամասկոսի դեմ

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Սիրիայի բանակը դուրս է բերել իր ստորաբաժանումներն Իդլիբ գավառի Էրիխ քաղաքից, որն անցել է գրոհայինների հսկողության տակ: Այդ մասին հայտնել է «Սուրիա էլ Ան» տեղեկատվական պորտալը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեյն ալ ֆաթհ» ծայրահեղական խմբվորման զինյալները գրավել են Էրիխը, որը կառավարական ուժերի վերջին հենակետն էր Իդլիբում:

Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման կենտրոնի, ծայրահեղական իսլամիստների հարձակումը մի քանի ժամ է տևել:

Ինչպես նշում են տարածաշրջանային դիտորդները, բանակային ստորաբաժանումները դուրս բերելու կառավարության որոշումը կարող է թելադրված լինել խաղաղ բնակչության անվտանգության նկատառումներով:

Վերջին ամիսներին ահաբեկիչներին հաջողվել է մի շարք խոշոր բնակավայրեր գրավել Իդլիբ գավառում: Մարտի վերջում նրանք գրավեցին Իդլիբի վարչական կենտրոնը, իսկ ապրիլի վերջում` Ջիեր էշ Շուղուրը:

Մինչդեռ Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա մերձակա շրջապատի դեմ «հետապնդումների և մարդու իրավունքների շարունակվող խախտումների կապակցությամբ», հայտնել է Reuters-ը:

ԵՄ-ն առաջին պատժամիջոցները սահմանեց Սիրիայի դեմ 2011-ի մայիսին, երբ քաղաքացիական պատերազմն արաբական երկրում նոր էր սկսվում: Արդեն 5-րդ տարին շարունակվող հակամարտությանը զոհ է գնացել արդեն մոտ 220 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ փախել են երկրից: Բացի քաղաքացիական պատերազմից երկիրը ստիպված է դիմագրվել նաև «Իսլամական պետության» գրոհայիններին:

Եվրամիությունում հայտարարել են, որ իրավիճակը Սիրիայում շարունակում է վատթարանալ: Երկարաձգվել են սահմանափակումները մոտ 200 սիրիացի պաշտոնյաների և 70 կազմակերպությունների դեմ` սառեցված են հաշվեհամարներն ու արգելք է գործում ԵՄ մուտքի համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

Բացի այդ, ուժի մեջ են մնում զենքի մատակարարման էմբարգոն, հում նավթի արտահանման արգելքը: Եվրոպական ընկերությունները մինչ օրս չեն կարող ներդրումներ անել Սիրիայի նավթային ոլորտում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում մեկնարկել է Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական վարժանքի ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոս այցելության ժամանակ: «Թուրքական և ամերիկյան անձնակազմը, որը ուսուցանելու է նրանց, ստանձնել է իր պարտավորությունները: Կարելի է ասել, որ ծրագիրը սկսվել է փոքր խմբերի վարժանքից: Ենթակառուցվածքները պատրաստ են, բոլոր անհրաժեշտ սարքերը տեղադրված են»,-մեջբերել է նախարարի խոսքը NTV հեռուստաալիքը: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ծրագրի իրագործմամբ «միասին զբաղվում են Թուրքիան և ԱՄՆ-ն»: Մինչդեռ, Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը երրորդ պետությունների ցանկացած աջակցություն զինյալներին կգնահատի որպես ագրեսիա:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---