ԱՊՀ պետությունների վարչապետների խորհրդի նիստը. Օրակարգում գործակցության խորացումն ու նոր համաձայնագրերն են

ԱՊՀ պետությունների վարչապետների խորհրդի նիստը. Օրակարգում գործակցության խորացումն ու նոր համաձայնագրերն են

PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին մեկնարկել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, որոնց մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերը: Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների տարածքում, ինչպես նաև մինչև 2020թ. միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող հարցերը, հաղորդում է Կառավարության Մամուլի ծառայությունը:

ԱՊՀ անդամ երկրների վարչապետները հաստատել են մտավոր սեփականության ոլորտում գործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում ԱՊՀ երկրների վարչապետները քննարկել են կրթության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև հավանության արժանացրել մշակութային հիմնական միջոցառումների ծրագիրը 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

Ստորագրվել են ԱՊՀ շրջանակում գործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին, Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական ատեստավորման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկումների արդյունքների մասին համաձայնագրերը, հաստատվել են ԱՊՀ գործադիր կոմիտեում պաշտոնյաների նշանակումները: Պլանավորվում է նաև քննարկել մինչեւ 2025թ. ընկած ժամանակահատվածում անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտի հարցերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խորհրդի նիստից հետո ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Նույն օրը վարչապետ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը: Զրուցակիցները փաստել են, որ երկկողմ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի և Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանում: Նիստի ընթացքում հավանության էին արժանացել ԱՊՀ անդամ պետությունների 2015-2016թթ. հումանիտար համագործակցության բնագավառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչև 2020թ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թթ. միջոցառումների պլանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---