ՀՀ-ում ծխում է մեծահասակների մոտ 1/3-ը. Տղաները սկսում են ծխել 13-15 տարեկանից

ՀՀ-ում ծխում է մեծահասակների մոտ 1/3-ը. Տղաները սկսում են ծխել 13-15 տարեկանից

PanARMENIAN.Net - Երկրում կանոնավոր ծխող է մեծահասակ բնակչության գրեթե 1/3-ը, որի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Այդ մասին հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ նշելով, որ մայիսի 31-ին Հայաստանում 15-րդ անգամ կանցկացվի «Առանց ծխախոտի» օրը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15 տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում՝ 50, իսկ կանանց շրջանում` 3%»,- ասել է Բազարչյանը:

Նրա խոսքով՝ կանանց ծխելու տարածվածության ցուցանիշները զգալի տարբերվում են Երևանում և մարզերում: Երևանում ծխող կանայք ավելի շատ են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ծխում են հիմնականում աշխատանքով ապահովված կանայք, որոնք կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել:

Դեռահասների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ այսօր իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ծխողների քանակը նվազեցնելու համար: Ըստ Բազարչյանի՝ դրանցից մեկը գնային քաղաքականությունն է, որի բարձացումը ծխողների մի մասին կստիպի հրաժարվել ծխախոտից:

«Այլ երկրների համեմատությամբ՝ այսօր Հայաստանում ծխախոտի մեկ տուփի գինը համեմատաբար էժան է: Մեր երկրում ծխող տղամարդն օրական սպառում է միջինում 15-17 գլանակ, իսկ կանայք՝ ավելի քիչ են ծխում: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան սպառվում է 5 մլրդ ծխախոտ», - ասել է Բազարչյանը:

Ըստ Ադիբեկյանի՝ ծխելու դեմ պայքարի համար միայն ծխախոտի գնի բարձրացումը խնդիր չի լուծում, եթե զուգահեռ այլ միջոցներ չձեռնարկվեն, գրում է Panorama.am-ը: Սոցիոլոգը նշել է՝ Հայաստանում ծխողների թիվը վերջին տարիներին նվազել է: Խորհրդային տարիներին մեր երկրում ծխում էր հասուն տղամարդկանց 74%-ը, ընդ որում՝ օրական 10-15 ծխախոտ: Այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 10-ից պակաս ծխախոտի: Ներկայումս Հայաստանում ծխում է տղամարդկանց մոտ 50%-ը:

Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր տարի աշխարհում ծխախոտի պատճառով մահանում է 6 մլն մարդ, որից 5 մլն-ը՝ ակտիվ, 1 մլն-ը՝ պասիվ ծխողներն են:

Հայաստանում 2005 թվականին ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: Նույն տարվա ընթացքում Հայաստանը միացել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---