Օհանյանը հորդորել է չտրվել սահմանին մայիսյան հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը

Օհանյանը հորդորել է չտրվել սահմանին մայիսյան հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը

PanARMENIAN.Net - ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր 2015 թ. մայիս> ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը:

Ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվում սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին: Նախարարը կոչ է արել առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև առաջիկայում անցկացվելիք զորավարժությունների, ռազմամարզական հավաքների կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները, որոնց վերաբերյալ հակիրճ զեկույցներ ներկայացրին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հատուկ ցուցում է տրվել նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներին՝ զինծառայողների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները մանրակրկիտ ուսումնասիրելու, համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ տանելու, ինչպես նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնները խստորեն պահպանելու ու վերահսկելու ուղղությամբ:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 6000 կրակոց:

Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել էր մոտ 350 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվելով ավելի քան 5000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---