ՄԱԿ գլխավոր քարտուղար. Մերձավոր Արևելքում մոտ 25.000 օտարերկրացի գրոհային է կռվում

ՄԱԿ գլխավոր քարտուղար. Մերձավոր Արևելքում մոտ 25.000 օտարերկրացի գրոհային է կռվում

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում մոտ 25 հազար օտարերկրացի գրոհայիններ են կռվում աշխարհի 100 երկրից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահաբեկչական կազմակերպությունների անդամ տարբեր երկրներից գրոհայինների սպառնալիքին հակազդելու միջոցներին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում:

«Միայն 2014-ից մինչև 2015-ի մարտ ամիսը օտարերկրացի գրոհայինների քանակը ահաբեկչական կազմակերպությունների շարքերում աճել է 70 տոկոսով,-նշել է Պան Գի Մունը: «Հակազդելու համար այդ սպառնալիքին ՄԱԿ անդամ երկրները պետք է տեղեկատվություն փոխանակեն, այդ թվում սահմանապահ մարմինների միջև»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում կռվող օտարերկրացի գրոհայինների քանակն աննախադեպ է: Բախումներին մասնակցում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Կամավորների արտահոսք է նկատվում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներից՝ գնալով ավելի շատ գրոհայիններ են միանում «Իսլամական պետությանը»: ՄԱԿ-ը 2014-ին արդեն զգուշացրել է վտանգի մասին, որի հետ կբախվեն նշված երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները վաղ թե ուշ տուն են դառնալու պատերազմից Իրաքում և Սիրիայում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ օտարերկրացի գրոհայինների քվում 15-35 տարեկան պատանիներ ու տղամարդիկ են, որոնց «դրդապատճառները ծայրահեղական գաղափարներն են»: Նա նաև նշել է, որ ահաբեկչական կազմակերպություններին են անդամակգրվում նաև երիտասարդ կանայք: «Անհրաժեշտ է հակազդել ծայրահեղականացման գործընթացներին համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակում»,-ասել է Պան Գի Մունը:

ՄԱԿ ԱԽ նիստում ներկայացվեցին ՄԱԿ ԱԽ Հակաահաբեկչական կոմիտեի նկատառումները, որտեղ ասվում է, որ խնդիրն առավելապես առնչվում է ՄԱԿ 67 անդամ երկրի` խորհուրդ է տրվել «տեղեկատվության շուրջօրյա փոխանակում հաստատել սահմանապահ գերատեսչությունների, իմիգրացիոն և մաքսային ծառայությունների միջև»:

Օտարերկրացի գրոհայիններից բխող սպառնալիքն աննախադեպ անվանեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոկը: «Ստեղծված իրավիճակը ստիպում է անել միակ եզրակացությունը, որն էլ կլինի իմ խորհուրդը` մենք պետք է ավելի մեծ ծավալով տեղեկատվություն փոխանակենք և անենք դա արդյունավետ: Հետախուզական տեղեկությունները փոխանցվում են, սակայն գրոհայինները շատ ավելի արագ եհ հատում այդ նույն սահմանները»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության 8 երկրներ հանդես են եկել Եվրոպայում սահմանայի վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին գաղտնի փաստաթղթի վրա հղումով հայտնել էր բրիտանական Daily Telegraph-ը: «Այդ մարդկանց համար Եվրամիությունում ահաբեկչական գործողություն կատարելը ժամանակի հարց է: Կառավարությունները սարսափած են»,-հայտարարել էր Daily Telegraph-ին եվրոպացի դիվանագետը:

Սթոկը հիշեցրել է, որ «Իրաքում և Սիրիայում գործող խմբերը կարող են կողմնակիցների անդամագրել մոտ 100 երկրում», այսինքն, այն պետություններում, որոնք իրենց տվյալները չեն ուղարկում Ինտերպոլ: «Հենց դրանով է բացատրվում թվերում առկա այն տարբերությունը, որը կա արդեն որպես գրոհայիններ ճանաչված անձանց թվի և նրանց քանակի միջև, ովքեր արդեն կռվում են հակամարտության գոտիներում»,-պարզաբանել է նա` հույս հայտնելով, որ արդեն տեսանելի ապագայում բոլոր սահմանային կետերը հակամարտության գոտու հարևանությամբ հագեցած կլինեն սահմանը հատող անձանց «սիստեմատիկ ստուգումների» համար անհրաժեշտ սարքերով: «Ինտերպոլը պատրաստ է աշխատել, որպեսզի դա իրողություն դառնա»,-ասել է Սթոկը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---