Ինտերպոլը պահանջում է Այվազովսկու գողացված նկարը հանել սակարկություններից

Ինտերպոլը պահանջում է Այվազովսկու գողացված նկարը հանել սակարկություններից

PanARMENIAN.Net - Ինտերպոլը միջոցներ է ձեռնարկում հանելու համար Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գողացված կտավը:

Ինտերպոլի Ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին աջակցության ակնկալիքով, մայիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեկսեևան, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Նա նշել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայի խոշորագույն աճուրդի տներից մեկում սակարկություններից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանելու մասին է, որը գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից:

Ավելի վաղ` մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու: Սակարկությունները տեղի են ունենալու հունիսի 1-ին:

«Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-ասել է աճուրդի տան ներկայացուցիչը: Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---