15  05.06.15 - Midem 2015. Հայկական պատվիրակության տաղավարը
15  05.06.15 - Midem 2015 միջազգային երաժշտական փառատոնը Կաննում

Midem երաժշտական փառատոնը Կաննում. Հայաստանը պատվավոր հյուրն է

Midem երաժշտական փառատոնը Կաննում. Հայաստանը պատվավոր հյուրն է

PanARMENIAN.Net - Կաննում այսօր՝ հունիսի 5-ին, մեկնարկել է Midem երաժշտական փառատոնը: Չորս օր շարունակ` մինչև ամսի 8-ը, Ֆրանսիայի հարավում գտնվող այդ քաղաքը ողողված կլինի հայկական երաժշտությամբ: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում է պատվավոր երկրի կարգավիճակով:

Այդ առթիվ Կաննի հայտնի Փառատոնների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսել է փառատոնին Հայաստանի մասնակցության մասին և ներկայացրել ծրագրի մանրամասները:

«Մեզ համար կարևոր էր լինել այս փառատոնի պատվավոր հյուրը 2015 թվականին: Կարծում եմ՝ բոլորը գիտեք, որ այս տարին խորհրդանշական է Հայաստանի համար՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու մեր ողբերգությունը և պահանջելու անցած դարի առաջին ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի համար սկզբունքային է ներկայանալ այստեղ և առհասարակ աշխարհին ոչ թե զոհի, այլ ցեղասպանությունը վերապրած և վերածնված, ուժեղ, տաղանդավոր և ստեղծագործող հայի կերպարով:

Midem-ն առաջատար միջազգային գործարար իրադարձություն է նվիրված երաժշտության էկոհամակարգին: Այն անցկացվում է 1967-ից Կաննում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերությունները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ: Սա այն վայրն է, որտեղ երաժշտություն ստեղծողները, առաջատար տեխնոլոգիաները, բրենդները և տաղանդները հավաքվում են մարդկանց և երաժշտության միջև հարաբերությունները հարստացնելու, լսարանի ներգրավվածությունը վերափոխելու և նոր բիզնես կապեր ստեղծելու համար:

Փառատոնին Հայաստանի մասնակցության գաղափարն է՝ ցույց տալ հանդիսատեսին և մասնագետներին, թե ինչպիսի գանձեր ունի մեր երկիրըմ իր հերթին նշել է ծրագիրն իրականացնող «Պրոարտ» ընկերության տնօրեն Ռուբեն Տոնիկյանը՝ ներկայացնելով նաև ծրագրի համար ընտրված հայեցակարգը:

Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույնով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական տարր՝ հողը, օդը, ջուրը և կրակը:

Քաղաքը, որն այս օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ է ընդունում, զարդարված է հայկական գույներով, փողոցները «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ամենուր ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, Կաննի հայտնի Palais de Festival-ի ճակատային վահանակն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին:

«Այս տարին մեզ համար հատուկ տարի է՝ Ցեղասպանության 100 տարին է: Մենք որոշակի խորհուրդներ հստակ ձևակերպեցինք այս տարվա համար: Դրանք չորսն էին՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Կարծում եմ՝ մեր մասնակցությունը Midem-ի այս հարթակում վերջին գաղափարախոսության ներքո է»,- նշել է Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի խոսքով, Հայաստանը ցուցադրում է իր երաժշտական մշակույթը, որը պահպանվեց և վերստեղծվեց ցեղասպանությունից հետո՝ «դրանով էլ քայլում ենք դեպի ապագա»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշել է. «Ապրում ենք երկրում, որտեղ զգում ենք պետության աջակցությունը: Մենք ունենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ: Դա նշանակում է որ ունենք երիտասարդ երաժիշտներ, և մեր պետությունն աջակցում է նրանց»:

Չորս օրվա ընթացքում ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում, կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:

Կաննի հանրահայտ «Կարլտոն» հյուրանոցում կայանալիք բացման երեկոյին հանդես կգան «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը, «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը:

Հունիսի 6-ին Կաննի Ավետարանական եկեղեցում համերգ կտա «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Հունիսի 7-ին «Դեբյուսի» համերգասրահում կկայանա դասական երաժշտության համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Փառատոնը հարգանքի իր տուրքը կմատուցի նաև հայ մեծ երգահան ու մանկավարժ Կոմիտասին՝ ի հիշատակ Վարդապետի մահվան 80-ամյակին:

«Կարլտոն» հյուրանոցում կբացվի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ կներկայացվի Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած հնագույն հայկական մոտիվներով հագուստները:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:

Դրան մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Կանն է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը:

5  05.06.15 - Midem 2015. Հայկական պատվիրակության մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---