Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը Մոսկվայում՝ սեպտեմբերին

Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը Մոսկվայում՝ սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Դուդուկի երկրորդ մոսկովյան միջազգային փառատոնը կկայանա սեպտեմբերին: Էստրադայի թատրոնում կհավաքվեն աշխարհի լավագույն դուդուկահարները՝ ցուցադրելու իրենց վարպետությունը: Հնագույն հայկական գործիքի տարածման քարոզչության շրջանակում մինչև փառատոնի մեկնարկը Մոսկվայի սրահներում կանցկացվի դուդուկի երեկոների շարք` «Դուդուկահար» համույթի համերգները Հովհաննես Ղազարյանի ղեկավարությամբ:

Դուդուկի երկրորդ մոսկովյան միջազգային փառատոնին կմասնակցի նաև Ջիվան Գասպարյանը, տեղեկացնում ենՀայ–ռուսական տեղեկատվական կենտրոնից:

Դուդուկի մոսկովյան առաջին փառատոնը 2014-ի ապրիլի 30-ին էր: Դրա կազմակերպիչները dudukist.ru նախագծի հեղինակներն են՝ Սուրեն Բաղդասարյանը, Մարինա Սելիվանովան և Հովհաննես Ղազարյանը, վերջինս նաև դրա մասնակիցն էր: Փառատոնին մասնակցել էին նաև Մարտին Ղազարյանը Իրկուտսկից, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Արգիշտի Ամիրյանն ու Վիտալի Պողոսյանը Սանկ Պետերբուրգից, Արամ Ավեդիքյանը, Յուրի Մուրադյանը, Սելենան, Գեղամ Օհանյանը, Գևորգ Հայրապետյանը, Դավիթ Հովսեփյանն ու Մերուժան Աչոյանը Մոսկվայից, Ալեքսեյ Սադոևը Դոնի Ռոստովից և այլք:

Փառատոնին մասնակցել էին նաև «ՕՏՏԱ-օրկեստր» գործիքային խումբը, երգչուհի Դիանա Դիկովսկին, ավստրիաբնակ հայտնի հեղինակ և կատարող Եվգենի Ռոսը, երգիչ Մարինա Սելիվանովան, «Հայորդիք» երգի և պարի համույթը, Whalephant խումբն ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Մովսեսյանը:

Դուդուկը կամ Ծիրանափողը հայկական փողային գործիք է, որը տարածված է նաև Մերձավոր Արևելքում: Այն պատրաստվում է ծիրանենու փայտից, փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ: Ըստ որոշ տվյալների, դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի: 2005-ին հայկական դուդուկի նվագը ճանաչվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---