Երևանի կենդանաբանական այգում ներառական առաջին խաղահրապարակն է բացվել

Երևանի կենդանաբանական այգում ներառական առաջին խաղահրապարակն է բացվել

PanARMENIAN.Net - 2013-ին մեկնարկեց Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման և խնամքի պայմանները: Ծրագրի առաջին փուլի շրջանակում այգում մոտ 1 մլրդ դրամի շինարարական և դիզայներական աշխատանքներ իրականացվեցին և 2015-ի հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանը սկսեց:

Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում՝ բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններ, առաջարկում էին մասնակցել ծրագրին: Մասնավորապես, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկեց այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում նաև ներառական խաղահրապարակ կառուցել:

2014-ի դեկտեմբերից հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հանրային դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվեցին թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ հիմնադրամի գործընկեր կառույցների կողմից կատարված ներդրումները:

2015-ի ապրիլի 9-ին բարեգործական երեկո կայացավ, որին մասնակցեցին մասնավոր և հասարակական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների և ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվեց մոտ տասը միլիոն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Ներառական խաղահրապարակի ստեղծումը կարևոր է այն առումով, որ սահմանափակ կարողություններով երեխաներին թույլ է տալիս հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Դա դրական ազդեցություն կունենա նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից՝ տալով հաղորդակցվելու և միմյանցից սովորելու, իրենց կարողությունները բացահայտելու և զարգացնելու, ինչպես նաև հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնության իրագործմանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախագծի իրականացմանն աջակցել են նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմը, Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու աշխատակազմը, Հայ-բրիտանական գործընկերության պալատը, անհատներ և կազմակերպություններ:

Խաղահրապարակի կառուցման ընթացքում օգտակար և անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Փրկություն» ՀԿ-ները, Մանկական զարգացման հիմնադրամը: Մասնագիտական, խորհրդատվական գնահատելի աջակցություն է ցուցաբերել նաև «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:

Ծրագրի արդյունքում կառուցված խաղահրապարակը վստահաբար սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ նման երեխաների նկատմամբ հանրային ընկալման որոշակի կարծրատիպերը փոխելու համար: Ներառական խաղահրապարակն առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և կրթության հավասար հնարավորություններ կունենան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---