20  09.06.15 - Ֆիզիկայի միասնական քննություն. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այցը քննական կենտրոն

Աշոտյան. ՄՊՔ թեստերի միջոցով դիմորդները կարող են քննությունը հանձնել առանց կրկնուսույցի

Աշոտյան. ՄՊՔ թեստերի միջոցով դիմորդները կարող են քննությունը հանձնել առանց կրկնուսույցի

PanARMENIAN.Net - ՄՊՔ թեստերը Հայաստանում այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան բուհ ընդունվել առանց կրկնուսույցների: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այսպիսի «հեշտացման» արդյունքում մեծանում է մրցութային բալը։

«Դրա հետ մեկտեղ քննություններն ավելի կանխատեսելի են դառնում, անցնում են դիմորդների համար առանց ավելորդ սթրեսների, կտրուկ նվազում են կոռուպցիոն ռիսկերը»,– ԵՊՀ–ի քննական կենտրոն այցի ժամանակ ասել է նախարարը, որտեղ անցել է պետական միասնական քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Դրան մասնակցել է 1860 դիմորդ Հայաստանից և ԼՂՀ–ից։

Newsarmenia.am-ը հաղորդում է՝ նա նաև նշել է, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարձր մակարդակի վրա է, և դրանք կանցնեն բացարձակ թափանցիկ։

«Քննական շրջանի սկզբից անցել է մեկ շաբաթ, և մենք ունենք պոտենցիալ երեք «պայթյունավտանգ» քննություն` հայոց լեզուն, որից հետո գրեթե միշտ լինում են դժգոհություններ, ինչպես նաև մաթեմատիկան և անգլերենը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է հենց այդ առարկաների վրա», – նշել է Աշոտյանը։

Նա հավելել է, որ հայոց լեզվի քննությունն արդեն անցել է առանց որևէ խնդրի:

«Վեց տարվա ընթացքում տարվել է մեծ աշխատանք, որպեսզի պետական քննությունները, որոնք ունեն համազգային նշանակություն, դառնան սովորական երևույթ», – նշել է նախարարը։

Պետական միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին հետևյալ առարկաներից` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)։ Հունիսի 5-ին` «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 12-ին` «Օտար լեզու», հունիսի 16-ին «Մաթեմատիկա», հունիսի 19-ին «Քիմիա» և «Հայոց պատմություն», իսկ հունիսի 23-ին`քննությունների վերջին օրը, նշանակվել է քննություն «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից։

ՄՊՔ հանձնելու համար գրանցվել է 11 հազար դիմորդ Հայաստանից և մոտ 800` ԼՂՀ–ից։ Երևանում և հանրապետության բոլոր մարզերում արդեն ձևավորվել է քննական 34 կենտրոն: Քննական թեստերը տպվել են Մեծ Բրիտանիայում և մինչև այսօր պահվում էին բանկերից մեկի սեյֆում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---