ՀԷՑ-ի հայտը չի մերժվի. ՀԾԿՀ ղեկավարը չի բացառում` 2016-ին էլէներգիայի սակագինը կարող է նվազել

ՀԷՑ-ի հայտը չի մերժվի. ՀԾԿՀ ղեկավարը չի բացառում` 2016-ին էլէներգիայի սակագինը կարող է նվազել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 12-ին էլէներգիայի սակագնի հարցով խորհրդարանական լսումների ընթացքում չի բացառել, որ հանրապետության սպառողների համար սակագինը մեկ տարի անց հնարավոր է նվազի 5 դրամով։

Նրա խոսքով, շուտով նախատեսվում է սակագնի բարձրացում 6.93 դրամով յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց, որոնցից 2.4 դրամը կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, իսկ 4.24 դրամը` բաշխիչ ցանցերին, գրում է ԱՌԿԱ-ն:

«Մեկ տարվա ընթացքում սակագնի հաշվին բաշխիչ ցանցերին 4.24 դրամ ուղղելու արդյունքում կապահովվի «Հայաստանի էլեկտրացանցերի» վնասների մարում, որոնց չափն այս պահին կազմում է 23.4 մլրդ դրամ։ Եվ եթե չլինի արտարժույթի տատանում, սակավաջուր տարի և այլ պարտավորություններ, նոր խնդիրներ չառաջանան, մենք կարող ենք նվազեցնել սակագինը 5 դրամով մեկ տարի անց»,– ասել է Նազարյանը։

Պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք հնարավոր է համարում մերժել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ներկայացված հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, այդ թվում նաև բոլոր այն ծախսերի մասով, որոնք ներկայացվել են և դրանից հետո նոր ներկայացնել զարգացման հեռանկարները և կանխատեսումներն ու ժամանակացույցը, ՀԾԿՀ ղեկավարը նշել է, որ հայտը մերժել հնարավոր է, եթե գտնվի այն աղբյուրը, որը կապահովի ամբողջ էներգետիկ համակարգի ֆինանսական շարունակականությունը: Բայց հաշվի առնելով այն ամենը, ինչ ներկայացվել է աուդիտում, վարկային պարտավորություններն ու մնացածն այսօր դա անել, փաստացի, հնարավոր չէ, գրում է «Այսօր»-ը:

ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

2007-2015 թթ. ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողների, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքները:

Դրանցից 22 միլիարդը, ըստ Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով, գրում է Tert.am-ը:

ՀԾԿՀ ղեկավարն իր ելույթի սկզբում հիշեցրել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան և ծառայություներ մատուցող ընկերություն դիմել են հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով:

Ըստ նրա՝ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ 2015-2016 թթ. էլեկտրաէներգիայի կանխատեսվող սպառման նվազումը, դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկումը և 2014 էներգետիկական համակարգում ներդրումներից վերադարձի ապահովումը։

Միաժամանակ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին զայրացրել է ՀԷՑ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությունը սակագների շուրջ խորհրդարանական լսումներում: Ըստ նրա, դա անհարգալից վերաբերմունք է երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ:

Նոր սակագնի սահմանման հարցը Հայաստանի ՀԾԿՀ–ն կդիտարկի հունիսի 17–ին: Նախագծի համաձայն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով` ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, գիշերայինը` 38.78 դրամ յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1–ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---