Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի ոչ բարեկամական բանաձևը

Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի ոչ բարեկամական բանաձևը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մեջլիսն անպատասխան չի թողնի հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը, հայտարարել է խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը՝ Բաքվում Եվրոպական խաղերի կապակցությամբ գտնվող ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Մեր խորհրդարանականները պատասխան են պատրաստում Բունդեսթագի բանաձևին, որը դիտարկում ենք որպես Ադրբեջանի դեմ քայլ»,- Մուսաբեկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը նախապատրաստել են Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները` քրիստոնյա դեմոկրատները, քրիստոնյա սոցիալիստները, Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամները: Ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ: Գերմանացի պատգամավորները նշել են, որ նախորդ տարվանից Ադրբեջանի կառավարությունը լռեցրել է երկրի գրեթե բոլոր անկախ ու ընդդիմադիր ԶԼՄ-ներին:

Առաջին Եվրոպական խաղերն Ադրբեջանում հունիսի 12-ին մեկնարկել են կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար:

«Մենք դեմ չենք մարդու իրավունքների հարցերով երկխոսությանը և պատրաստ ենք այդ թեման քննարկել եվրոպացի գործընկերների հետ, առավել ևս, որ մենք նույնպես ասելիք ունենք այդ խնդրի շուրջ, մասնավորապես՝ Եվրոպայի երկրներում իսլամաֆոբիայի վերաբերյալ: Սակայն մենք դեմ ենք միակողմանի մոտեցմանը, մեզ որպես անխելք աշակերտների ներկայացնելու փորձերին, որոնց պետք է դասեր տալ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- աել է խորհրդարանականը:

Մուսաբեկովը նշել է, որ նման մոտեցումն Ադրբեջանի համար անընդունելի է: «Կան բաներ, որոնք վերաբերում են ազգային ինքնիշխանությանը, և մենք թույլ չենք տա այն խախտել»,- նշել է խորհրդարանականը:

Հատկանշական է, որ Գերմանիայի առաջին դեմքերը հրաժարվել են այցելել Բաքու և մասնակցել Եվրոպական խաղերի բացմանը։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում ընդդիմության մոտ հարյուր ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---