Ցեղասպանության մասին ֆիլմերը՝ 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում. Փառատոնը կբացի Ռոբերտ Գեդիկյանի աշխատանքը

Ցեղասպանության մասին ֆիլմերը՝ 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում. Փառատոնը կբացի Ռոբերտ Գեդիկյանի աշխատանքը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել էփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ ազդարարելով12-րդ փառատոնի մեկնարկը:

«Ոսկե ծիրանը» տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, որն անհնարին կլիներ առանց երեք սյան` ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի, որոնք միշտ փառատոնի կողքին են: 12-րդ փառատոնը խոստանում է հետաքրքիր լինել` հարուստ ծրագրեր, աշխարհահռչակ հյուրեր, մրցանակակիր ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, և այլն»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Ռոբերտ Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություներ» ծրագրի շրջանակում: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա:

Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, ով 80–ականներին Մարսելում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում: Արամը Մարսելից փախնում է Բեյրութ, իսկ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով վնասվածքներ է ստացել։

Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ՝ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը: Իսպանացի հեղինակը կիսով չափ անշարժունակ էր 1981-ին Մադրիդում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից: Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը:

«Արվեստն այն հզոր ուժն է, որն ի զորու է փոխել աշխարհը, մարդկանց գիտակցությունը, արժեհամակարգը: Արվեստը թերևս ամենաազդեցիկ միջոցն է միմյանց ճանաչելու, հասկանալու, հարգելու, և, հետևաբար, խաղաղ համագոյակցություն ապահովելու համար: Կինոն արվեստի հզորագույն ուղղություններից մեկն է` արտահայտչամիջոցների ավելի լայն հնարավորությունների և ավելի մեծ լսարանի շնորհիվ: Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները և ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման և զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,-իր հերթին նշել է փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:

Լրագրողներին և հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)

• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)

• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)

• Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ մոտ 95 երկրից):

12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:

Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---