Midem-ի նախագահ. Հայաստանի ելույթն ամենատպավորիչն էր փառատոնի պատմության մեջ

Midem-ի նախագահ. Հայաստանի ելույթն ամենատպավորիչն էր փառատոնի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Reed MIDEM ընկերության նախագահ և երաժշտական բիզնեսի առաջատար մասնագետ Պոլ Զիլկը հայտնել է, որ Midem փառատոնում Հայաստանի ելույթը՝ որպես պատվավոր երկիր, իր տեսած ամենատպավորիչ ելույթն էր փառատոնի ամբողջ պատմության ընթացքում:

«Այս տարվա Միդեմն իսկապես շատ տպավորիչ էր և շատ հիշարժան: Հայկական պատվիրակությունն այնպիսի աննկարագրելի գործ է արել` մեկտեղ բերելով իրենց մշակույթի հետաքրքիր, գունեղ, պատմական և միառժամանակ նորարարական էլեմենտները», - ասել է Զիլկը, գրում է Panorama.am-ը:

Midem երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկել էր հունիսի 5-ին: Չորս օր շարունակ` մինչև ամսի 8-ը, Ֆրանսիայի Կանն քաղաքը ողողված էր հայկական երաժշտությամբ: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում էր պատվավոր երկրի կարգավիճակով:

Reed MIDEM ընկերության նախագահը նաև առանձնացրել է Հայաստանի կողմից կազմակերպված բացման երեկույթը, որին ներկա էին Midem համայնքի հազարավոր մասնակիցներ Կաննի փողոցներում.

«Տոնակատարությունը սկսվեց շատ գունեղ հայկական պարերով, դրան հաջորդեցին տարբեր համերգներ` ջազ, ռոք, էթնո, էթնո ջազ… այս ամենը պատզապես հիանալի էր, և ես կարծում եմ, որ այն շատ մեծ տպավորություն գործեց Միդեմի ամբողջ համայնքի վրա: Դա իսկապես ահռելի աշխատանք էր»:

Զիլկի խոսքերով՝ Հայաստանը փոքր երկիր է, որի հարստության մասշտաբները շատ ավելի մեծ են երկրի սահմաններից, սակայն այդ հարստությունն այդքան էլ լավ ճանաչված չէ երկրից դուրս:

«Իհարկե, կան բացառություններ՝ ի դեմս մեծ երաժիշտների և արվեստագետների, ովքեր շատ հայտնի են, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի երաժշտության ու մշակույթի մեծությանն ու խորությանը, աշխարհը դեռ շատ ավելին պետք է բացահայտի: Այդ պատճառով Midem-ի հարթակը, որը տալիս է լայն հնարավորություններ և որն ընդգրկում է երաժշտության բիզնեսի շուրջ համախմբված հարյուր-հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհով մեկ, շատ լավ առիթ է Հայաստանի մասին իրազեկությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու համար», - ասել է Reed MIDEM ընկերության նախագահը:

Նա հավելել է, որ Midem համայնքն արդեն իսկ բացահայտել է Հայաստանը և Հայաստանի երաժշտական հարստությունն այստեղ՝ Միդեմում, և դա հիմք է, որի վրա կարելի է կառուցել ապագան: Այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանն ապահովի շարունակական ներկայություն Միդեմում:

«Ես տեսնում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտները հիմա վերցնում են հայ երաժշտության հարուստ պատմությունը և ավելի արդիականացնում են այն՝ դնելով ժամանակակից ձևաչափերի մեջ: Բայց միևնույն ժամանակ նրանք պահպանում են հայկական երաժշտության յուրահատկությունը, և դա շատ լավ է», - ասել է Զիլկը:

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ամբողջ երեկո փակվել էր, երթևեկությունն էլ դադարեցվել։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում կայացել է բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը» «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---