Save the Children-ն աջակցում է հայ երեխաներին. Արխիվային լուսանկարների ցուցահանդես՝ Երևանում

Save the Children-ն աջակցում է հայ երեխաներին. Արխիվային լուսանկարների ցուցահանդես՝ Երևանում

PanARMENIAN.Net - Սարգիս Մուրադյան պատկերասրահում հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված են 1915-ին Օսմանյան Թուրքիայից Սիրիա գաղթած հայերին Save the Children-ի ցուցաբերված աջակցության արխիվային լուսանկարներ: Դրանք տրամադրվել են ՀՀ-ում բրիտանական դեսպանության և Լոնդոնում գործող «Հայաշեն» հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի կողմից:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ներառականության, մարդասիրական օգնության, կամավորության և հանդուրժողականության մասին են, հայտնում է Save the Children-ի հայաստանյան ներկայացուցչությունը:

Բացմանը ներկա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը պատմել է, որ 1919-ին երկու բրիտանուհի քույրեր հիմնադրեցին Save the Children կազմակերպությունը՝ զգալով, որ չեն կարողանում հանդուրժել Առաջին համաշխարհային պատերազմից հետո բազում փախստական երեխաների չքավորությունն ու սովը:

«Շնորհիվ նրանց՝ հնարավոր եղավ փրկել հարյուր հազարավոր երեխաների կյանքեր, այդ թվում նաև շատ հայ երեխաների Սիրիայում և Խորհրդային Միությունում», - ասել է Լիչը:

Կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանի խոսքով՝ այս միջոցառումը ոչ միայն հայ ազգի գաղթի պատմության վկայությունն է, այլևSave the Children-ի՝ որպես աշխարհի 120 երկրում երեխաների մասին հոգ տանող կազմակերպության:

ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ այսօր աշխարհում ավելի քան 50 միլիոն փախստական կա, որոնց կեսից ավելին կանայք և երեխաներ են։ Ցուցահանդեսի միջոցով Save the Children կազմակերպությունը փորձում է մեկ անգամ ևս հիշեցնել փախստականների գոյության, նրանց խնդիրների մասին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի և ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև փախստականներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,

Save the Children-ն իր ներկայացուցչությունը Հայաստանում հիմնել է 1993-ին: 2004 թվականից ի վեր իրականացրել են տարբեր աշխատանքներ՝ աջակցելով Հայաստանում տեղակայված փախստականներին ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---