«Ֆրեսկո»-ի ծրագիրը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Կցուցադրվի 50-ից ավելի ֆիլմ

«Ֆրեսկո»-ի ծրագիրը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Կցուցադրվի 50-ից ավելի ֆիլմ

PanARMENIAN.Net - «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 5-ը՝ «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, իսկ ամբողջ ծրագիրը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

2015 թվականի փառատոնը ծավալային և բովանդակային առումով առավել լայն է նախատեսվում, քանի որ նպատակ ունի իրականացնել Հայաստանում բացօթյա լայնածավալ ֆոտոցուցահանդես` «Կարապի լճի» երկայնքով և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ` թատերական ներկայացում, ինչը նոր գույներ և թարմություն կհաղորդի փառատոնին և կնպաստի ավելի շատ մասնակիցների ներգրավմանը, տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է հինգ տասնյակից ավել ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Հարավային Կորեայից, Իսրայելից և այլ երկրներից:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած երևանյան կենտրոնի փոխարեն ցուցադրությունները կանցկացվեն քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը: Փառոտոնը կուղեկցվի շուրջօրյա բացօթյա ցուցադրություններով ու «առանց տոմսի» կինոդիտումներով:

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին և ունեցել բավականին մեծ հաջողություն: Փառատոնի նպատակներն են՝ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների վերահաստատմանը, միջազգային և միջկրոնական հանդուրժողականության տարածումը, հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը` որպես սոցիալ-մշակութային կարևոր գործոն, մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսությունը և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացումը, մասնագիտական փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---