WikiLeaks. ԱՄՆ հատուկ ծառայությունները 10 տարի շարունակ լրտեսել են Ֆրանսիայի նախագահներին

WikiLeaks. ԱՄՆ հատուկ ծառայությունները 10 տարի շարունակ լրտեսել են Ֆրանսիայի նախագահներին

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը սկսել է հրապարակել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը, որոնք վերաբերում են ֆրանսիացի պաշտոնյաների գաղտնալսումներին, ասվում է WikiLeaks-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հրապարակվող փաստաթղթերը վերաբերում են վերջին 10 տարիներին: Պարզվել է, որ ամերիկացիները լրտեսել են Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակին (1995-2007), Նիկոլյա Սարկոզիին (2007-2012), ինչպես նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը ստանձնել է պաշտոնը 2012-ին: Բացի այդ, լրտեսել են Ելիսեյան պալատի պաշտոնյաներին, նախարարներին և ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանին, հայտնում է Lenta.ru-ն:

Փաստաթղթերում ներկայացված են գաղտնալսված խոսակցությունների ռեզյումեները: Ֆրանսիայի ղեկավարությանը հետաքրքրել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հունական պարտքային ճգնաժամը, Եվրամիության ղեկավարությունն ու ապագան, Օլանդի վարչակազմի ու Անգելա Մերկելի գլխավորած ԳԴՀ կառավարության հարաբերությունները, Փարիզի մասնակցությունը Պաղեստինի հակամարտությանը և վեճը Ֆրանսիայի ու ԱՄՆ կառավարությունների միջև Ֆրանսիայի հանդեպ ԱՄՆ լրտեսության վերաբերյալ:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարեց. «Ֆրանսիայի ժողովուրդը իրավունք ունի իմանալու, որ իր ընտրած կառավարությունը ոչ բարյացակամ լրտեսության օբյեկտ է հանդիսանում ենթադրյալ դաշնակցի կողմից»: Ասանժը գոհունակություն է հայտնել առ այն, որ կայքն աշխատում է առաջատար ֆրանսիական Liberation և Mediapart պարբերականների հետ, պատմելու համար ֆրանսիացիներին այդ պատմությունը: «Առաջիկայում ընթերցողներին ավելի ակտուալ և կարևոր բացահայտումներ են սպսում»,-խոստացել է նա:

2013-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ԱԱԳ և ԿՀՎ-ն աշխատում են Գերմանիայի տարածքում և գաղտնալսում են այդ թվում նաև Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: Գաղտնալսման փաստի մասին 2013-ին հայտնեց ԱԱԳ և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը: 2014-ի մարտին Բունդեսթագը որոշում կայացրեց Գերմանիայի տարածքում ԱԱԳ գործունեության հետաքննության մասին:

2014-ամռանը Գերմանիայի դատախազությունը հայտնեց BND աշխատակցի ձերբակալության մասին օտարերկրյա պետության օգտին լրտեսության կասկածանքով: Գործակալությունը, հատուկ ծառայություններում ու քաղաքական շրջանակներում աղբյուրների վրա հղումով, հայտնեց, որ գործակալը փողի դիմաց ԱՄՆ-ի կապավորին էր փոխանցել Բունդեսթագի հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գործակցությունը Բեռլինի ու Վաշինգտոնի միջև կասկածի տակ կդրվի, եթե ԱՄՆ օգտին լրտեսող կրկնակի գործակալի մասին տեղեկատվությունը հաստատվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---